Հանրային տրանսպորտից օգտվող գրեթե բոլոր քաղաքացիները դիմակ ունեն, սակայն ոմանք այն պահում են պայուսակներում կամ գրպանում, արձանագրում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները:
Համավարակի դեմ պայքարի ոչ բոլոր կանոններն են պահպանվում: Պատահում են նաև կոպիտ խախտումներ: Դրանցից մեկն արձանագրեց ճանապարային ոստիկանությունը: Վարորդը ուղևոր էր տեղափոխում առանց կանոնավոր ուղևորափոխադրման ճանապահային թերթիկի:
Հակոբ Բաղդասարյան (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ) - Ճանապարհային թերթիկում համապատասխան բուժակի և մեխանիկի նշագրումներն են լինում, դա կանոնավոր ուղևորափոխադրողների համար կարևոր փաստաթուղթ ա հանդիսանում:
Սա լուրջ խախտում է՝ ասում է մասնագետը: Ըստ էության, երթուղի դուրս գալուց առաջ վարորդը պետք է բուժզննում անցներ: Հիմնականում մշտադիտարկումներն իրականացվում են առավոտյան և երեկոյան՝ տրանսպորտի ծանրաբեռնված ժամերին:
Օրվա ընթացքում էլ շրջիկ ստուգումներ են անում: Խախտումների թվերն ավելանում են՝ ասում է տրանսպորտային անվտանգության մասնագետը:
Արտակ Ֆիդանյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Երկուշաբթի օրվանից սկսած առ այսօր տեսչական մարմնի կողմից իրականացվել է շուրջ 1300 մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերված խախտումների մասով կազմվել է շուրջ 330 արձանագրություն:
Խախտումները հիմնականում տրանսպորտի գերբեռնվածության, ալկոգելերի բացակայության, դիմակներ չկրելու դեպքերով են: Տրանսպորտի անվտանգության մասնագետի համոզմամբ՝ եթե ուղևորափոխադրող ընկերությունները պահպանեն մեքենաների շարժի սահմանված ժամանակացույցը, գերբեռնվածության խնդիր չի լինի: