Լիտվայի կապի և տրանսպորտի նախարարի հրավերով Լիտվա է մեկնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարն այսօր մասնակցելու է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։ Նախարարը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակներում Գնել Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։
Երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները նախատեսում են քննարկել քաղաքական և տնտեսական առավել արդիական հիմնախնդիրներ, ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր՝ կապված տրանսպորտային նորարարությունների և թվայնացման հետ։
Համացանցի միջոցով այսօր նախատեսված համաժողովին կմիանան նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տրանսպորտի նախարարներն ու փոխնախարարը, և կմասնակցեն նախարարների «Կանաչ, թվային, մրցունակ տրանսպորտ և լոգիստիկա․ որքան հավակնոտ պետք է լինենք զարգացող ոլորտների կարգավորումներում» թեմայով նստաշրջանին, որը վարելու է Լիտվայի տրանսպորտի և կապի նախարար Մարիուս Սկուոդիսը։