Միխեիլ Սաակաշվիլին և նրա պաշտպանները համաձայն չեն, որ Վրաստանի նախկին նախագահը տեղափոխվի 18-րդ քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց: Այս մասին հայտնել է Սաակաշվիլու փաստաբան Բեկա Բասիլայը, փոխանցում են վրացական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ այնտեղ հնարավոր չի լինի ապահովել Սաակաշվիլու անվտանգությունը:
«Մի քանի օր առաջ ասացին, որ պաշտպանությունը պետք է նշի Թբիլիսիի ցանկացած հիվանդանոց, և նրանք այնտեղ կտեղափոխեն Միխեիլ Սաակաշվիլուն։ Երեկ արդարադատության նախարարը հաղորդագրությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Սաակաշվիլին կտեղափոխվի 18-րդ հաստատություն»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այնտեղ կան տարբեր հանցագործությունների համար դատապարտված բազմաթիվ անձինք, և նրանք ցանկանում են սադրանք կազմակերպել:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն տեղեկացրել էր, որ Սաակաշվիլուն պատրաստվում են տեղափոխել բանտային հիվանդանոց, որտեղ կարող են հետևել հացադուլ հայտարարած բանտարկյալների առողջական վիճակին: Դա հաստատել էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ «Սաակաշվիլուն որևէ այլ հաստատություն տեղափոխելու հարց չի դիտարկվում, դա բացառվում է»: