Չինաստանի կողմից գերձայնային զենքի փորձարկումների մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով Financial Times թերթի հրապարակումն այն մասին, որ Չինաստանի ԶՈՒ-ն նախորդ ամռանը գերձայնային զենքի երկու փորձարկում է անցկացրել։
«Փորձարկումը, որի մասին հայտնում են որոշ լրատվամիջոցներ, տիեզերանավի սովորական փորձարկում է՝ տիեզերանավի կրկնակի օգտագործման տեխնոլոգիան ստուգելու համար»,- նշել է Վենբինը։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ չինացի զինվորականները նախորդ ամռանը գերձայնային զենքի երկու փորձարկում են իրականացրել։ Գործակալության տեղեկություններով՝ խոսքը գերձայնային թռչող սարքի գործարկման մասին է, որը կարող է միջուկային զենք տեղափոխել:
Հոկտեմբերի 18-ին այդ լուրը հերքել էր նաև Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը: