Ամփոփվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլի արդյունքը: Ատեստավորված 468 ուսուցչի աշխատավարձը նոյեմբերի 1-ից կբարձրանա 30-50 տոկոսով: Ատեստավորման առաջին փուլն իրականացվել է 7 առարկայից: Ատեստավորման կամավոր սկզբունքը կպահպանվի, կընդլայնվի առարկաների ցանկը: Ատեստավորված ուսուցիչները կարող են մասնակցել նաև երկրորդ փուլին: Վարչապետի գնահատմամբ՝ ծրագիրը ռազմավարական է և շրջադարձային Հայաստանի հետագա զարգացման համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այն ուսուցիչները, որոնք արդեն մի անգամ իրենց աշխատավարձը իրենց գիտելիքով, իրենց որակավորման հաստատմամբ կարողացել են 30, 40, 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ, արդեն բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40, 50 տոկոս:
Վարչապետի խոսքով՝ գործադիրը կքաջալերի ուսուցիչներին՝ օգտվել գիտելիքի հաստատմամբ՝ աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունից: Գործընթացը կտևի 3-4 տարի:
Նիկոլ Փաշինյան - Այն ուսուցիչները, որ իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, բնականաբար, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և աշխատանք փորձել գտնել բոլորովին այլ ոլորտում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում:
Ատեստավորման գործընթացին մասնակցել են 7-12-րդ դասարանում ուսուցանող մանկավարժները, հաջորդ տարվանից կմասնակցեն 5-12-րդի բոլոր առարկաների ուսուցիչները: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկայից, շեմը հաղթահարել է ուսուցիչների 87 տոկոսը, ամենացածրը՝ քիմիայից և աշխարհագրությունից: Սյունիքի մարզից մասնակցած ուսուցիչների 56 տոկսը կստանա հավելավճար, որն ամենաբարձր ցուցանիշն է, հետո Շիրակն ու Կոտայքն են:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Միջինը 125 հազար դրամ է. 30 տոկոս հավելավճար ստացողների աշխատավարձը կբարձրանա 37 հազարով, 40 տոկոս՝ 50 հազար, 50 տոկոս՝ 61500 դրամով: Տարակարգերով ևս կստանան հավելավճար՝ 10-50 տոկոս հավելավճար:
Ուսուցիչները, որոնք չեն անցել առաջին փուլը, հաջորդին մասնակցելու հնարավորություն կունենան, բայց դրանք անսահմանափակ չեն լինի, հատուկ կարգ կսահմանվի: Նշեց վարչապետն ու ընդգծեց՝ պետք է կատարելագործվեն մեխանիզմները: Ինչպիսի՞ն են ատեստավորման օբյեկտիվությունը պահպանելու գործընթացի անցկացման մեխանիզմները. կա՞ն բողոքարկումներ՝ հետաքրքրվեց գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Ինչ աստիճան ունենք ռիսկայնության, մի փուլն անցել է, որքանով է մարդկային գործոնը, ովքեր են ատեստավորողները: Սա պրոֆիլակտիկ առումով եմ հարցնում, որ դրական այս բարեփոխումը չստվերվի մեկ-երկու դեպքով:
Վահրամ Դումանյան - Ատեստավորման հստակ համակարգ կա, հարցաշար, սուբյեկտիվ գործոնը հասցված է մինիմումի: Այո՛, կան բողոաքրկումներ՝ 5 տոկոսի չափով:
Նիկոլ Փաշինյան - Քանի որ կրիտիկական չէ, չի խանգարում, որ իրավապահներ ուղեկցեն, անհրաժեշտության դեպքում դատախազությունը ներգրավվի, որ բացառվեն: Էդ ռիսկերը միշտ կան, բայց դրանք հաղթահարելու մեխանիզմներ կան, ուսուցիչները հնարավորություն ունեն էլի հանձնել: Մեր իրավապահները հնարավորություն ունեն կոռուպցիոն դրսևորումները բացահայտել, միջոցներ ձեռնարկել:
Նպատակներից է նաև՝ բարձր որակավորմամբ մանկավարժներն իրենց գիտելքը փոխանցեն հեռավոր գյուղերի աշակերտներին: Որակավորված և հեռավար կրթության ոլորտում ներգրավված ուսուցիչների գործուղման ծախսերն ավելացվում են՝ տարվա ընթացքում մի քանի անգամ տարբեր գյուղերում երեխաների հետ անմիջական շփման, դասավանդման համար: Վարչապետը հիշեցրեց կրթական ոլորտի բարեփոխումների ծրագիրը. ընդունվել է հանրակրթության պետական չափորոշիչը, իրականացվում է 300 դպրոցի կառուցման ու հիմնանորոգման լայնածավալ ծրագիր, նախատեսվում է առաջիկա 5 տարում դպրոցներում ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Նիկոլ Փաշինյան - Եթե այս ամենը դիտում ենք շղթայի մեջ, տեսնում ենք, որ կառավարության պատկերացումը, տեսլականը հանրակրթության ոլորտում բարեփոխումների մասին արդեն թափ է հավաքում, և հույս ունեմ, որ 2022-ին իրագործման տեմպերը կմեծանան:
Բարեփոխումների նման ծրագիր կիրականացվի նաև նախադպրոցական կրթության ոլորտում: Պետությունը կլուծի անհրաժեշտ թվով աշակերտ չունեցող համայնքներում կրթության խնդիրը՝ երեխաների անվտանգ տեղափոխման համար տրանսպորտ ապահովելով:
Նիկոլ Փաշինյան - Իհարկե, կարելի է այդ գյուղում 2 աշակերտանոց դպրոց պահել, բայց այս դեպքում կրթության որակը, կրթական միջավայր պատշաճ ստանալ, հնարավոր չէ: Շրջանառության մեջ է, որոշում կընդունենք, խոսքը Կապան խոշորացված համայնքի կրթական համակարգում այդ նորամուծությունն անելու մասին է:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Կառավարության օրակարգային հարցը ևս նույն գերատեսչությանն էր վերաբերում: 114 մլն դրամ հատկացվեց 2021-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և մրցաշրջանը եզրափակելու համար:
Մեկ այլ որոշմամբ էլ օտարերկրյա ընկերությունների համար կհեշտացվի լիցենզավորման կարգը՝ գործադիրի որոշումը վերաբերում է գործունեության 13 տեսակի: