Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին։
Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վերներ Թութին հանդիպման հրավերն ընդունելու և Շվեյցարիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու հատկապես հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու համար՝ ուղղված օրենքի գերակայության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Այդ համատեքստում Կարեն Անդրեասյանը նաև բարձր է գնահատել կոռուպցիայի կանխարգելման առաջատար իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման աշխատանքներին ցուցաբերվող օժանդակությունը։
Վերներ Թութի հետ զրույցի ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը՝ ուղղված քրեակատարողական, ոստիկանության, դատաիրավական, Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, վրացական օրինակով Հայաստանում հանրային ծառայությունները մեկ վայրում մատուցող «Արդարադատության տների» ստեղծման ծրագրին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը և այլն։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են թվարկված ուղղություններով ևս համագործակցելու հնարավորություններն ու պայմանավորվել են զարգացնել առկա փոխգործակցությունը։