Այսօր և վաղը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կանցկացնեն Հյուսիսատլանտյան խորհրդի պլանային հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է Բրյուսելում և Մոսկվայում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առաքելությունների փակման հնարավոր հետևանքները և Ռուսաստանի ռազմական զսպման խնդիրները, ինչպես նաև կգնահատվի ռուսական հրթիռային և միջուկային ներուժը։ Հանդիպումից առաջ կառույցի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերություններն այժմ ցածր մակարդակի վրա են:
Յենս Ստոլտենբերգ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար - Մենք ափսոսում են Ռուսաստանի որոշման համար՝ փակել Մոսկվայում ՆԱՏՕ-ի 2 գրասենյակ, ինչպես նաև դադարեցնել գործունեություն ՆԱՏՕ-ի առաքելությունում: Մեր մոտեցումը մնում է նույնը. Ռուսաստանի հետ երկխոսելու պատրաստակամությանը զուգահեռ՝ մենք շարունակելու ենք զսպան և պաշտպանության քաղաքականությունը: Հիմա պարզապես ամեն ինչ ավելի դժվարացավ: Մենք դեռ քննարկելու և հասկանալու բազմաթիվ հարցեր ունենք:
*****
Չինաստանի կողմից գերձայնային զենքի փորձարկումների մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով Financial Times թերթի հրապարակումն այն մասին, թե Չինաստանի ԶՈՒ-ն նախորդ ամռանը գերձայնային զենքի երկու փորձարկում է անցկացրել։ «Փորձարկումը, որի մասին հայտնում են որոշ լրատվամիջոցներ, տիեզերանավի սովորական փորձարկում է՝ տիեզերանավի կրկնակի օգտագործման տեխնոլոգիան ստուգելու համար»,- նշել է Վենբինը։
*****
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը զգուշացրել է, որ Բրյուսելի և Վարշավայի միջև եվրոպական և ազգային օրենսդրության գերակայության շուրջ վեճի պայմաններում Լեհաստանը կարող է լքել Եվրոպական միությունը: Նա նշել է, որ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովին անհրաժեշտ է փոխզիջումային լուծում գտնել Լեհաստանի և ԵՄ-ի միջև իրավական վեճին: Վեբերի խոսքով՝ այն, որ այդ խնդիրը դեռևս չի քննարկվել, ԵՄ խորհրդի ձախողումն է: «Եթե օրենքի գերակայության և եվրոպական իրավունքի նորմերի գործողության հարցը չլուծվի, ապա վտանգ կա, որ Լեհաստանը հարկադրաբար դուրս կգա ԵՄ-ից»,- եզրափակել է Վեբերը։
*****
Ռուսաստանում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր կլինեն. պատճառը կորոնավիրուսի տարածման տեմպն է: Նախօրեին կառավարության որոշումը հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Մոսկվայի քաղաքապետի խոսքով՝ իրավիճակը Դաշնութան մայրաքաղաքում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով: «Առաջիկա օրերին կհասնենք հիվանդացության պատմական բարձր ցուցանիշների»,- նշել է Սերգեյ Սոբյանինը: Դադարեցվում է առևտրի և ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ դեղատների, մթերքի և առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութների: Արգելվել է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սոբյանինը ոչ աշխատանքային օրերը համեմատել է ջերմիջեցնող դեղամիջոցի հետ, որը չի բուժում, բայց շունչ է տալիս՝ ուժ հավաքելու համար։