Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականի 9 ամսում գերազանցել է 2 միլիարդ դոլարը: Սա Երևանի և Մոսկվայի միջև գրանցված երբևէ լավագույն արդյունքն է: 2019-ին նման ցուցանիշին հասնելու համար պահանջվել էր մեկ տարի: Ռուսաստան արտահանումն այս տարի ավելացել է մոտ 30 տոկոսով, ներմուծումը՝ 4 տոկոսով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Լուրերի» հետ զրույցում նշեց՝ հաջողվել է վերականգնել 2020 թվականի կորուստները:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Մեր ապահովագրական գործակալությունն այս տարի երկուսուկես անգամ շատ գործարք է կնքել, քան անցած տարի:
2020 թվականին երկու երկրի միջև արտաքին առևտրաշրջանառությունը նվազել էր 3,5 տոկոսով՝ կազմելով մոտ 2 միլիարդ 150 միլիոն դոլար: Ընդ որում՝ Հայաստանից արտահանման ծավալներում արձանագրվել էր 9 տոկոս անկում: Չնայած ներկայիս ցուցանիշներն աննախադեպ են, ոլորտի գլխավոր պատասխանատուն հայտարարում է՝ անհրաժեշտ է վերացնել դեռ գոյություն ունեցող խոչընդոտները: Հայաստանը կարող է արտահանել ավելի մեծ ծավալի ապրանքներ թե՛ Ռուսաստան, թե՛ ԵԱՏՄ այլ երկրներ:
Վահան Քերոբյան - Եթե ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճում է, ապա ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ մենք շատ դժգոհ ենք ծավալներից: Ամեն կերպ աշխատում ենք լոգիստիկ կապերը հղկել: Նույնիսկ Ռուսաստանի հետ շատ խոչընդոտներ կան:
Հայաստանն այժմ հյուսիս արտահանման երկու ճանապարհ ունի՝ օդային և ավտոճանապարհային՝ Լարսի միջոցով: Նախարար Քերոբյանը տեղեկացրեց՝ ամիսներ հետո հնարավոր կլինի արտահանում իրականացնել նաև լաստանավերի միջոցով:
Վահան Քերոբյան - Մենք հիմա բանակցությունների վերջին փուլում ենք:
Հայաստանն ավելացրել է արտահանվող ապրանքների թե՛ ծավալը, թե՛ տեսակների քանակը: Ընդ որում՝ փոխվել է նաև արտահանման բնույթը՝ նկատում է տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը, ներկայացնում վիճակագրությունը:
Սողոմոնյանի կանխատեսմամբ՝ եթե ապրանքաշրջանառության ներկայի տեմպը պահպանվի, Հայաստանն ու Ռուսաստանն այս տարի արդեն կարող են հատել 3 միլիարդ դոլար ցուցանիշը: