Ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։
Այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300 մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:
Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։