Կառավարությունը հերթական նիստի ընթացքում հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին:
Դրա համաձայն նախատեսվում է ՀՀ-ում վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև մի քանի այլ պետությունների իրավաբանական անձանց` տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց ՀՀ Կառավարության քննարկմանը ներկայացնելու։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ իր ելույթում նշեց, որ Կառավարության որոշման նախագիծը էկոնոմիկայի նախարարությունն է նախաձեռնել, որպեսզի օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը լիցենզավորվող գործունեություններին ավելի հասանելի և մատչելի լինի։
«Այս ուսումնասիրության արդյունքում մենք առանձնացրինք գործունեության 13 տեսակ 78-ից, որոնց նկատմամբ գտնում ենք, որ կարող ենք թույլ տալ ավելի հեշտ լիցենզավորվելու պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին։ Այսպիսով, մենք ԵԱՏՄ, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Հանրապետության իրավաբանական անձանց համար հեշտացնում ենք լիցենզավորվելու հնարավորությունը հետևյալ գործունեություններում՝ մասնավոր պահնորդական գործունեություն, որը լիցենզավորում է ոստիկանությունը, ինկասացիոն ծառայություն, որը լիցենզավորում է ֆինանսների նախարարությունը, փոստային կապի, միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեություն, որը լիցենզավորում է Միջուկային գործակալությունը, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը, որը լիցենզավորում է ՏԿԵ նախարարությունը, տաքսիով ֆիզիկական անձանց ուղևորափոխադրումների կազմակերպումը, որը ՏԿԵ նախարարությունն է, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը, որը կրկին ՏԿԵ-ն է, և Քաղաքաշինության կոմիտեից լիցենզավորվող հետևյալ գործունեության տեսակները՝ քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում և շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն,- ասաց նա՝ հավելելով. - Այսպիսով մենք էապես բարելավում ենք գործարար միջավայրը այս ոլորտներում և թույլ ենք տալիս, որ օտարերկրյա ընկերությունները կարողանան ավելի հեշտ մասնակցել Հայաստանում տնտեսական գործունեությանը պարզեցված ընթացակարգով լիցենզավորվելու միջոցով»։