Պոլիգոն, շիբա, մոներո, նեմ: Այս անուններն ու տարբերանշանները Հայաստանում քչերին են ծանոթ: Այս շարքում ամենահայտնին, թերևս, բիթքոինն է: Օրերս այն պատմական ռեկորդ սահմանեց՝ 66 000 դոլար:
Վերջին տարիներին թվային արժույթների շուկան աշխարհում մեծ թափ է հավաքում, ամիսներ առաջ Սալվադորը դարձավ առաջին երկիրը, որը բիթքոինն ընդունեց որպես վճարման միջոց: Հայաստանում այս թվային արժույթին շատերը ծանոթ չեն, սակայն կան որոշ խմբեր, որոնք ակտիվորեն ներգրավված են այս ոլորտում:
Էդուարդ Ավետիսյան, կրիպտոարժույթի առուվաճառքով զբաղվող ընկերության տնօրեն - Գնալով բոլոր երկրներում ավելի շատ ու շատ մարդիկ ունեն կրիպտոարժույթ: Եթե նախորդ տարիներին, օրինակ, ընդհանուր գլոբալ կեսից 1 տոկոսը կարող էր ունենալ կրիպտոարժույթ, հիմա երկրներ կան, որտեղ 5, 10, 20 տոկոսն արդեն կրիպտո ունեն: Ու կարծում եմ՝ գնալով ավելի լայն տարածում են ստանալու կրիպտոարժույթները:
Մարդիկ տարբեր գումարային չափերով փորձում են անգամ նորաստեղծ թվային արժույթներ ձեռք բերել՝ հույս ունենալով, որ դրանք մի օր բիթքոինի պես կթանկանան: Կրիպտոարժույթներն օրեցօր ավելանում են, այժմ դրանց թիվը գերազանցում է 7000-ը:
Նարեկ Կարապետյան, տնտեսագետ - Այն իր բնույթով առավել մոտ է սպեկուլյատիվ փուչիկի, որովհետև վերջինս ստեղծվել է որպես արժույթ, որպես վճարահաշվարկային միջոց, սակայն առավելապես ծառայում է որպես ներդրումային ակտիվ: Կրիպտոարժույթներն առավել մոտ են ֆինանսական բուրգի մեխանիզմին: Ընդհանուր առմամբ՝ կենտրոնական բանկերը և ֆինանսների նախարարություններն առավելապես որդեգրել են պահպանողական մոտեցում ամբողջ աշխարհում:
Ըստ թվային արժույթի ոլորտում գործունեություն ծավալողների՝ կրիպտոարժույթը նորարարություն է, դրա համար էլ դեռ բացասական է ընդունվում: Սակայն նրանց խոսքով կան նաև դրական գործոններ:
Էդուարդ Ավետիսյան - Երբ մեքենաներն են հնարել, ասել են՝ մեքենաների տակ մարդիկ կընկնեն, ինտերնետի պարագայում սկզբում բացասական կոնտենտ է հիմնականում եղել: Բայց կա նաև դրականը, որն է այն կրիպտոարժույթների դեպքում՝ կայուն գումար է, որն ինֆլյացիայի չի ենթարկվում, որը կոնֆիսկացնել հնարավոր չէ, որը սահմաններ չի ճանաչում ու կարող ես աշխարհի մի ծայրից մյուս ծայրն առանց զգալի միջնորդավճարների փոխանցում անել:
Որոշ փորձագետների կարծիքով՝ թվային արժույթով գործարքների իրականացումը հսկայական ռիսկեր է պարունակում: Որպես ֆինանսական ներդրում ևս դրա եկամտաբերությունն այնքան մեծ չէ, որքան ռիսկերը:
Նարեկ Կարապետյան - Բիթքոինի եկամտաբերության տատանողականությունը վերջին տարիներին շուրջ 15 անգամ ավելի բարձր է, քան ամերիկյան ֆոնդային շուկայի զարգացումներն ամփոփոխ ինդեքսինը:
Հայաստանի գլխավոր դրամատնից «Լուրերին» հայտնեցին՝ վերլուծել են միջազգային փորձը և ուսումնասիրությունները, զգուշացնում են՝ անկախ տեսակից, տարածվածությունից և այլ բնութագրերից՝ կրիպտոարժույթներն ու դրանցով կատարվող գործարքները բարձր ռիսկային են: Կենտրոնական բանկը հետևյալ պատճառներն է առանձնացնում՝
«կրիպտոարժույթները» զուրկ են ապահովվածությունից և խիստ անկայուն են.
«կրիպտոարժույթների» կիրառությամբ սխեմաների մեծ մասում գոյություն չունեն իրավաբանորեն պատասխանատու սուբյեկտներ.
«կրիպտոարժույթներով» գործարքները հաճախ կարող են մաս կազմել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման սխեմաների, քանի որ հնարավորություն են տալիս կատարել անանուն և անդրսահմանային գործարքներ, որոնց վերադարձը հնարավոր չէ ապահովել.
խարդախության, տեղեկատվական անվտանգության խաթարմանն ուղղված հանցագործությունների դեպքերում բացակայում են հաճախորդների օրինական շահերի պաշտպանության ապահովման կամ վերջիններիս կրած վնասի փոխհատուցման իրավական մեխանիզմները, ինչի հետևանքով կարող են ոտնահարվել սպառողների շահերը:
Կենտրոնական բանկը ոչ միայն զգուշացնում է այս ոլորտում էական ռիսկերի մասին, այլև հորդորում զերծ մնալ կրիպտոակտիվների փոխանակման և առուվաճառքի, վճարումների ընդունման, ներդրումների կամ այլ գործարքների իրականացումից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան