Կովկասում Թուրքիայի ակտիվ և մշտական դերակատար դառնալուց հետո Իրանի գործողություններն այլևս իմաստ չունեն և չեն կարող հանգեցնել թեժ ճգնաժամի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից հետո Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով Հարավային Կովկասի սահմանին Իրանի ռազմական ակտիվությանը՝ Էրդողանը նշել է, որ Իրանը չի կարող թիրախավորել Ադրբեջանը:
«Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Իրանը չի կարող Ադրբեջանը թիրախ դարձնել, քանի որ այսօր Իրանում ադրբեջանցիները մեծ թիվ են կազմում։ Դա, իհարկե, հեշտ չի լինի: Իրանի գործողությունները սխալ են։ Ես կարծում եմ, որ Իրանի նոր ղեկավարությունը չի կրկնի այդ սխալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Սիրիայում նոր ռազմական գործողության վերաբերյալ Էրդողանը նշել է. «Այս պահին տարածաշրջանի զգայուն կետերում մեր գործողությունները շարունակվում են: Միանշանակ է՝ ոչ մի զիջում: Սիրիայում այս գործընթացը շարունակում ենք: Այս պահի դրությամբ ես չգիտեմ, թե Ասադի ռեժիմը ինչ դիրքորոշում կորդեգրի, բայց մենք հատկապես Իդլիբում շարունակում ենք անել այն, ինչ անհրաժեշտ է, շարունակում ենք պատասխանել ծանր ռազմական տեխնիկայով: Չենք կարող թողնել, որ այս ամենն ինքնահոսի մատնվի»: