Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմանը, թե Իրանը և Հայաստանը զբաղվել են դեպի Եվրոպա թմրամիջոցների մաքսանենգությամբ: «Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ Իրանի դեսպանատնից նշել են, որ Իրանը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ինչի մասին նույն հանդիպման ժամանակ նշվել է ՀՀ վարչապետի խոսքում` ի պատասխան Իլհամ Ալիևի հայտարարության:
«Ի պատասխան հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Իրանի Իսլամական Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը ուղղված մեղադրանքների՝ հարկ է նշել, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում հազարավոր նահատակների և վիրավորների զոհաբերությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ընդամենը մի փոքրիկ մասնիկ է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառած և շարունակական ջանքերի` այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում, ինչը բազմիցս հաստատվել է համապատասխան միջազգային կառույցների կողմից»,- ասված է դեսպանության պատասխանում:
Նշվում է, որ շատ երկրներում տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի լայնածավալ պայքարի մասին:
«Հատկանշական է, որ համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության պետի հայտարարության՝ 2021 թ. սկզբից մինչ օրս Իրանի Իսլամական Հանրապետության պատկան մարմինները 140 դեպքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում են իրականացրել Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների հետ»,- նշել են դեսպանությունից:
ԻԻՀ դիվանագիտական ներկայացուցչության համաձայն՝ թմրամիջոցների արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն որոշ կենտրոններին մոտ գտնվելու պատճառով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում Իրանը մեծ ճնշումների է ենթարկվում: Բացի այդ, չնայած տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրներին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի պայքարը 2021 թ. լավ արդյունքներ է գրանցել. թմրամիջոցների հայտնաբերման գործում աշխարհի երկրների շարքում Իրանն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը: