Քարտի տվյալներն անհայտ զանգահարողին հայտնելուց հետո չզարմանաք, եթե պարզվի, որ վարկ ունեք: Նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց՝ տարբեր վարկային ծառայությունների կեղծ գովազդներով սոցցանցերում քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքեր են բացահայտել:
Մարդիկ անծանոթներին տվել են իրենց անձնական տվյալները, ապա՝ իբր բանկի պահանջով, օնլայն դրամապանակով փոխանցում են արել, դարձել խարդախության զոհ:
Հրաչյա Խաչատրյան (բանկի ՏՏ անվտանգության վարչության պետ) - Երբ առաջին ազդակները սկսեցինք ստանալ, ընդհանուր բանկային համակարգում, մեզ մոտ արագ արձագանքման միջոցներ կիրառեցին, թվային տարբեր միջոցներով սկսեցին հաճախորդներին ծանուցումներ ուղարկել, որ ոչ մի դեպքում այլ անձանց չփոխանցեն իրենց տվյալները:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նախքան վիրտուալ ֆինանսավարկային ծառայություններին հավատալը, ստուգել՝ դրանք ճի՞շտ են: Հետո արդեն դժվար կլինի իրական բանկին ապացուցել, որ վարկ վերցնողը դուք չեք:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Սա կարող է արդեն երկար տևի, որովհետև երկար պետք է ապացուցեք, որ դա դուք չեք, կամ այնպես անել, որ այդ վարկը չեզոքացվի:
Այս խարդախությունները մի քանի օրում տարածվեցին, բանկերը զգուշացրին՝ քարտի տվյալները չասել, եթե անգամ զանգողը հավաստիացնում է, թե բանկից է:
Հրաչյա Խաչատրյան - Այս երևույթը Հայաստանում նոր է սկսել տարածվել, հիմնականում, զարգացած երկրներում է տարածված, կարծում եմ՝ Հայաստանը նոր է թիրախավորվել, հենց դրա համար բանկերը բոլորը միանգամից տարածեցին, որ զգուշանան:
Շատերն ամաչում են խոստովանել, որ խաբվել են, իսկ զգուշավորները պարզաբանում են, թե ինչպես են կարողացել բացահայտել կեղծիքը ու չընկնել օնլայն թակարդը:
Փառանձեմ Սահակյան (դերասանուհի)- Մեկնաբանելով, իբրև թե տվյալներ են գրանցում, ճշտումներ են իրականացնում, մի խոսքով՝ ինչ-որ արագ տեքստեր էր ասում, հետո ֆիքսեցի, որ տվյալ բանկի հեռախոսահամարն էր:
Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս միանգամից անջատել հեռախոսն ու բանկ զանգահարել՝ ճշտել իսկապես իրե՞նք են զանգել:
Սամվել Մարտիրոսյան- Օգտագործում են հայկական համարներ, բայց իրականում Հայաստանում չեն լինում, այսինքն՝ օգտագործվում են IP տարբերակը, հեռախոսային կապը, ու մարդուն թվում է, թե հեռախոսից են զանգել: Առնվազն եթե մարդը հասկացավ, որ սխալ է արել արագ և այլն, կարող է զանգել բանկ և արգելափակել իր քարտը, այդ դեպքում հանցագործները որևէ բան անել չեն կարող:
Ֆեյք բանկերի թակարդը չընկնելու միակ պարզ պայմանն է՝ ձեր մասին ոչ մի տվյալ չհայտնել մարդուն, որին խոսափողից այն կողմ չեք տեսնում: