Անկարան չպետք է ընդունի դեսպաններ, որոնք քննադատում են երկրի դատական համակարգը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից հետո Թուրքիա վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:
«Ես մեր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ասել եմ, որ մենք այդպիսի ճոխություն չենք կարող թույլ տալ և մեր երկրում նման դեսպաններ ընդունել։ Ինչո՞ւ են նրանք նման հայտարարություն անում։ Արդյոք դա նրա՞նց գործն է՝ սովորեցնել Թուրքիային: Ո՞վ են նրանք»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի դատարանները «անկախ դատական համակարգի լավագույն օրինակն են»:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները: Պատճառը կալանավորված հասարակական գործիչ, գործարար Օսման Քավալային ազատ արձակելու մասին դեսպանների հայտարարություններն էին: Վերոնշյալ երկրների դեսպանատները սոցցանցերում իրենց պաշտոնական էջերում Օ. Քավալայի ազատ արձակումը պահանջող գրառումներ էին արել՝ նշելով, որ Օ. Քավալայի դեմ դատական գործընթացը ստվեր է նետում Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա: