Հայաստանից դուրս սեզոնային աշխատանքի մեկնողները հայրենիքում բիզնես հիմնելու համար կարող են մինչև 10 հազար եվրոյի աջակցություն ստանալ:
Միջազգային միգրացիոն քաղաքականության մշակման Հայաստանի գրասենյակը դեռ 2020-ից էր մշակում մի ծրագիր, որով արտագնա աշխատողների ուղարկած փողը Հայաստանում հավելյալ արդյունք կդառնար:
Կարել Հոֆսթրա (Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Հայաստանի գրասենյակի ղեկավար) - Ուզում ենք Մոլդովայի հաջողված փորձը կրկնել Հայաստանում և խրախուսել միգրանտների ներդրումը Հայաստանում հետևյալ տեսքով: Մենք կարողանում ենք դրամաշնորհ տալ մինչև 10 հազար եվրո՝ համաչափ սեփական ներդրումի դիմաց:
Ծրագրից կարող են օգտվել այն արտագնա աշխատողները, որոնք տարբեր ժամանակահատվածներով, ընդհանուր մեկ տարի տևողությամբ արտագնա աշխատանքում են ներգրավված եղել:
Նրանք, ովքեր կցանկանան իրենց աշխատած գումարը հայրենիքում ներդնել՝ հյուրատնային, գյուղատնտեսական, արտադրական կամ սպասարկման ոլորտի բիզնեսներում, արդեն կարող են դիմել Միջազգային միգրացիայի քաղաքականության մշակման կենտրոն:
Նելլի Դավթյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Նրա ընտանիքի անդամները Հայաստանում կարող են դիմել տվյալ ծրագրի համար և դառնալ շահառու: Փորձում ենք կապիտալացնել հայրենիքում բիզնես ստեղծելու միջոցով, ինչը դառնում է որոշակիորեն ձգող գործոն տվյալ տվյալ միգրանտի համար:
Ծրագրից կարող են օգտվել նաև միգրացիայից վերադարձած մեր հայրենակիցները. ժամկետի հարցում, իհարկե, որոշակի սահմանափակումներ կան՝ կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք առավելագույնը երեք տարի առաջ են վերադարձել հայրենիք: Հայաստանի գրասենյակի թիմն արդեն իրազեկման ակցիաներ է արել 7 մարզում: Արդեն 20 դիմում կա՝ նշում է գրասենյակի ղեկավարը:
Կարել Հոֆսթրա - Մենք ակնկալում ենք երեք տարվա ընթացքում մոտ 160 շահառուների օգնել:
Աջակցության դրամաշնորհային ֆոնդը 1 մլն 200 հազար եվրո է: