Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է սննդամթերքի՝ սեպտեմբերին արձանագրված գնաճին:
Նախարարի խոսքով՝ գնաճի դեմ պետք է պայքարել, պետք է փորձել զսպել գնաճն այն գործիքակազմով, որն առկա է:
«Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, սակայն դա երբեմն սկսում է վնասել մեզ համար կարևոր ճյուղերին, ինչպիսին արտահանումն է: Արտարժույթի փոխարժեքը շատ ցածր կետում է, ինչը մեզ և մեր արտահանողներին շատ է անհանգստացնում: Մենք գնաճի դեմ պայքարում ԿԲ-ի հետ համագործակցության արդյունքում ակնկալում ենք՝ Կենտրոնական բանկը չի թողնի, որպեսզի տնտեսության այն ճյուղերը, որոնք կարևոր են մեզ համար, ինչպիսին արտահանումն է, վտանգվեն: Ինչ վերաբերում է գործիքակազմին, կարող եմ ասել, որ մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ. խոսքն առաջին հերթին վերաբերում է ԵԱՏՄ գործընկեր երկրներին, բայց նաև՝ Ուկրաինային և այլ երկրների, որպեսզի կարողանանք ՀՀ տնտեսվարողներին ապահովել ցածր կամ նորմալ գներով ապրանքներով և հումքով, որը թույլ կտա մեղմել գնաճը»,- ասաց Վահան Քերոբյանը:
Անդրադառնալով գյուղմթերքի, մասնավորապես, կարտոֆիլի արտահանմանը՝ նախարարն ասաց, որ այս տարի դրա արտահանման ռեկորդ ենք սահմանել:
«30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից. այդպիսի թիվ երբևիցե չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում, և, իհարկե, պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ երկիր է և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ, և եթե պահանջարկը այդ երկրներում աճում է, դա անպայման անդրադարձ է ունենում նաև մեր տեղի արտադրողների և տեղի արտադրանքի գների վրա: Հիմա մենք գիտենք կարտոֆիլի դեպքի մասին, բայց կարծում ենք, որ ստեղծված կոնյունկտուրայում մենք չպետք է զրկենք մեր ֆերմերներին իրենց եկամուտներն ավելացնելու հնարավորությունից, և եթե ավելի բարձր գնով արտահանելու հնարավորություն կա, ապա ճիշտ գինը դա է»,- հավելեց նա:
Նախարարի խոսքով՝ թարմ գյուղմթերքը հիմնականում արտահանվում է ԵԱՏՄ, և այս տարի մենք շատ լավ արդյունքներ ենք գրանցել:
«Այս պահի դրությամբ արդեն մոտ 180 հազար տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել, այն պարագայում, երբ անցած և նախանցած ամբողջ տարվա ընթացքում 145 և 142 հազար տոննա է եղել: Դա 25-30 տոկոսով բարձր է անցած տարվա ցուցանիշից. տարին դեռ չի ավարտվել. հուսով ենք, որ կանցնենք 200 հազարի նշաձողը»,- ասաց նա:
Քերոբյանը տեղեկացրեց, որ աշխատանք է տարվում գործընկեր երկրների հետ, որպեսզի հումքային բազայի՝ հացահատիկի, եգիպտացորենի, սոյայի և այլնի համար հնարավոր լինի ապահովել ցածր գին ամբողջ տարվա համար:
«Հիմա բանակցում ենք թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի ֆյուչերսային պայմանագրերով ամրագրենք մեր հաջորդ ամբողջ տարվա բերքի գինը: Բացի այդ, շուտով գործարկվելու է նաև Փոթի - «Պորտ Կավկազ» լաստանավը, որպեսզի զսպենք գնաճը և թույլ տանք, որ մեր ներմուծողները և արտահանողները կարողանան ավելի մատչելի գներով և Լարսին այլընտրանք ճանապարհով իրականացնել ապրանքաշրջանառությունը»,- ասաց Քերոբյանը: