ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ Պետերբուրգի Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկաախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։
ՌԴ պատվիրակության եռօրյա այցի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում SARS CoV-2 վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում։
Նախարարը ողջունելով հյուրերին` ընդգծել է վերջին երկու տարում Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համագործակցության կարևորությունը COVID-19-ի դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը ներկայացրել է զեկույց` տարածաշրջանում իրականացված կորոնավիրուսային համավարակի պայմաններում SARS CоV-2 վիրուսի նկատմամբ վիճակագրության տվյալների վերաբերյալ` հիմնված Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության վիճակագրական ցուցանիշների վրա:
Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ինֆորմատիվ զեկույցի համար և հույս հայտնել, որ հաջորդ ուսումնասիրությունը կիրականացվի Հայաստանի բնակչության շրջանում: