Ազգային ժողողի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկին: Գործադիրն առաջարկում է հունվարի 2-ը, 3, 4,5, 7-ը դարձնել աշխատանքային: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է զարգացած և առավել ևս զարգացող երկրներում ընդունված ոչ աշխատանքային օրերի թվին:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Տոնական և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:
Նախարարության գնահատմամբ՝ աշխատանքային օրերի կրճատման արդյունքում համախառն ներքին արդյունքը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրի մասը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերությանը՝ 35.4 մլրդ դրամով, ծառայություններինը՝ 33.9 մլրդ դրամով: Գյուղատնտեսության և շինարարության ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը համաձայն է, որ, օրինակ, հանրային ծառայողների համար ոչ աշխատանքային օրերը քիչ լինեն: Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկեցին հունվարի 2-ը և 7-ը ևս ներառել ոչ աշխատանքային օրերի ցանկում: Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց՝ առաջարկները կքննարկեն:
Հավանության արժանացավ նաև «Քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանել 90 աշխատանքային օր: