Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ և ԵԽԽՎ մոնիթորինգային կառույցների դերակատարությունը և նախաձեռնած բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Վեհաժողովի կողմից 2021 թ. հունիսին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը և տված բարձր գնահատականին:
Կողմերն անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց պատանդության մեջ պահել՝ ոմանց դեմ հարուցելով կեղծ քրեական գործեր:
Օրենսդիր մարմնի նախագահն ընդգծել է ԵԽԽՎ-ի կողմից այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը:
Կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցերի: