Սպասարկման ոլորտի՝ սրճարաների, ռեստորանների, հյուրանոցների համար Առողջապահության նախարարությունը ծրագիր է մշակել, կոչվում է «Քովիդից ազատ միջավայր»: Մասնակցությունը՝ ըստ ցանկության: Ցանկություն հայտնած կազմակերպությունների համար նախարարությունը հունիսից սկսել էր պատվաստման մասին իրազեկման դասընթացներ անել:
Առաջին նման կազմակերպությունը «Թուֆենկյան» հյուրանոցային ցանցն էր, որին այսօր սերտիֆիկատ շնորհվեց՝ «Թուֆենկյանի» Լոռվա մասնաճյուղում աշխատակիցների՝ 70 տոկոսից ավելիի պատվաստված լինելու համար: Տնօրենն անկեղծացավ, թե իրազեկման գաղափարը շատ լավն էր և այն իրեց աշխատակիցների դեպքում արդյունք տվել է:
Հավաստագիրը նաև QR կոդ ունի, որի միջոցով հնարավոր է գտնել պատվաստման և այս ծրագրի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Շուտով հավաստագիր կստանա «Թուֆենկյանի» Երևանի մասնաճյուղը, նաև մեկ այլ հյուրանոց: Առայժմ հավաստագիրը որևէ արտոնություն չի ենթադրում՝ ասաց նախարարի տեղակալը, բայց այս կազմակերպություններն իրենց գովազդներում կարող են օգտագործել իրենց առավելության՝ անվտանգ միջավայրի մասին տեղեկատվությունը, ինչը զբոսաշրջիկներին ամենաշատն է գրավում: