Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը, որի շրջանակում արդեն 7 տուրի պարտիաներ են կայացել: 7-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարն Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուկն է՝ 6,5 միավորով:
Ուկրաինացի գրոսմայստերն այս տուրում մրցել է hնդիկ գրոսմայստեր Նարայանանի դեմ, որի հետ մինչ այդ կիսում էին առաջատարությունը, և հաղթանակ տոնել:
Հնդկաստանի ներկայացուցիչ Պորանիկ Աբհիմանյուն երկրորդն է՝ 6 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արման Միքայելյանը՝ 5,5 միավորով: Միքայելյանը 7-րդ տուրում դժվարին հաղթանակ է տարել Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Արաշ Դաղլիի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տասնյակում են ընդգրկվել նաև միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը և գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Ի դեպ, 7-րդ տուրում Շահինյանն ու Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ և ոչ-ոքի խաղացել: Դավիթ Շահինյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի և գտնվում է 6-րդ հորիզոնականում, իսկ Տիգրան Պետրոսյանն 8-րդն է 5 միավորով:
Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Հաղթանակների են հասել նաև արցախցի Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը:
Այս տուրում պարտիաների ընթացքին հետևել է հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Հիշեցնենք, որ Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարին մասնակցում է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:
Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաղկացած է երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում է 129 շախմատիստ՝ աշխարհի 10 երկրից: Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով. այն բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:
Առաջնությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը: Yerevan Open-ի ավարտին մնացել է 2 տուր: Այսօր մրցումային նախավերջին օրն է: