Տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է 3+3 ձևաչափի ենթադրյալ բոլոր մասնակիցների շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
«3+3 խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարը առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետության նախագահների կողմից, և ինչպես հայտնի է, Ռուսաստանը աջակցել է այդ նախաձեռնությանը»,- նշել է Զախարովան։
Ըստ ռուսական կողմի՝ այդ մեխանիզմի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերություններում վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը:
«Մենք տեսնում ենք արևմտյան մի շարք պետությունների, առաջին հերթին ԱՄՆ-ի ձգտումը՝ խանգարել որոշ գործընթացների: Մեր ամերիկացի գործընկերները, ավաղ, զբաղվում են ապատեղեկատվության տարածմամբ, օրինակ, 3+3 նախաձեռնության գաղափարը վերագրում են Մոսկվային»,- ասել է Զախարովան։