Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ գերու ազատ արձակումը և նրանց վերադարձը:
«Հոկտեմբերի 19-ին ռուս զինվորականների աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս հինգ հայ գերի: Ողջունում ենք Բաքվի այդ քայլը: Հույս ենք հայտնում, որ պահվող անձանց վերադարձի գործընթացը կշարունակվի»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսած՝ կողմերը փոխանակել են 122 պահվող անձի. Հայաստան է վերադարձել 105 մարդ, Ադրբեջան՝ 17:
Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին՝ բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման համար: