Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին:
Ինչպես հայտնում են ԱՆ-ից, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է գործակցության ավանդույթները` հույս հայտնելով, որ Հայաստանում իրականացված օգնության և զարգացման ծրագրերը հաջողության նոր պատմությունների հիմք կդառնան:
«Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանի առողջապահական համակարգում նշանակալի ներդրում կիրականացվի, և անդրադարձել, մասնավորապես, արյան բանկի ստեղծման ներդրումային ծրագրի ընթացակարգերին, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է արյան կենտրոնացված բանկի ստեղծման կարևորությունը հետպատերազմական շրջանում և նշել, որ առողջապահության նախարարությունը շահագրգիռ է, որ ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում:
Քննարկված հարցերին իրավական ուժ տալու համար հուշագիր կկնքվի: