ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԶԵԿՈՒՅՑ
Թուրքիան ավելի է հեռանում ժողովրդավարությունից: Օրենքի գերակայության, արդարադատության անկախության և հիմնարար իրավունքների պաշտպանության իրավիճակը երկրում շարունակում է վատթարանալ՝ ասվում է Եվրոպական հանձնաժողովի զեկույցում։ Փաստաթղթի հեղինակները, որոնք գնահատում են Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացը, քննադատել են թուրքական իշխանության հատուկ լիազորությունները, որոնցով նրանք օժտվել են 2016 թվականին երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո, և որոնք պահպանվում են մինչև հիմա: Չեն դադարում ճնշումներն ընդդեմ քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների՝ ասվում է զեկույցում: Անկարան, բնականաբար, հերքել է մեղադրանքներն ու դրանք անհիմն անվանել:
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆԸ
Բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին համաձայնել է բժիշկների դեղորայքային միջամտությանը՝ ողջամտությունն ու աշխատունակությունը պահպանելու համար։ Նա, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ տեսակի սնունդ ընդունել և պատրաստ է մահվան: Վրաստանի դատախազ Կոկա Կածիտաձեն հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին Սաակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարով:
ԻՐԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Իրանի ներքին գործերի նախարարն արձագանքել է նարկոթրաֆիքի վերաբերյալ Ալիևի մեղադրանքներին: Ահմադ Վահիդին, անդրադառնալով Իրանի հասցեին Ալիևի հայտարությանը, հայտարարել է. «Աշխարհում ոչ ոք այդ խոսքերը չի հաստատի, քանի որ կան պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ աշխարհում թմրանյութերի հայտնաբերման 90 տոկոսն Իրանն է իրականացնում։ Դրանք լավ հայտարարություններ չեն և չեն համապատասխանում բարիդրացիությանը։ Դա ճգնաժամ է առաջացնում։ Եվ մենք մտահոգ ենք, որ այլ ուժեր ցանկանում ենք խափանել հարևանների հարաբերությունները»:
ԱՄՆ-Ը ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ
ԱՄՆ-ը Անկարայում նոր դեսպան է նշանակել: Կոնգրեսն այդ պաշտոնում հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը, որին առաջադրել էր նախագահ Ջո Բայդենը: Շուտով նա կանցնի պարտականությունների կատարմանը: Կոնգրեսում լսումների ժամանակ Ֆլեյքն արձանագրել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա են մի շարք խնդիրներ: Նա հատկապես առանձնացրել է Ռուսաստանից Էս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի քայլը՝ ընդգծելով, որ դա հակասում է ՆԱՏՕ-ի դաշնակցային պարտավորություններին, և Անկարան արդարացիորեն է դուրս մղվել ԷՖ 35 կործանիչների ծրագրից: Նորանշանակ դեսպանը նշել է նաև, որ եթե Թուրքիան շարունակի զենք գնել Ռուսաստանից, նոր պատժամիջոցների կարժանանա: «Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում, Էրդողանի վարչակազմի մարտավարությունը սեփական ժողովրդի դեմ՝ պետք է դեսպան, որը չի ամաչի ասել դրա մասին Թուրքիային: Ժողովրդավար երկրները լրագրողներին բանտ չեն նստեցնում, չեն վախեցնում գիտնականներին, դա հարիր չէ ՆԱՏՕ-ի դաշնակցին»,- ասել է դեսպանը: Ֆլեյքը լսումների ժամանակ անդրադարձել էր նաև Ցեղասպանության հարցին և ասել, որ կճանաչի այն:
ԱԹԵՆՔՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՌԱԿՈՂՄ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Աթենքում տեղի է ունեցել Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի նախագահների 9-րդ գագաթնաժողովը, որից հետո հրապարակվել է եռակողմ հայտարարություն: Դրանում նշվել է, որ որոշվել է շարունակել եռակողմ գործակցությունը, որի շրջանակում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել մշտական քարտուղարություն, որի կենտրոնատեղին կլինի Նիկոսիան:
ՀՈՒՇԱԳԻՐԸ ԿՆՊԱՍՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Անդրադարձ է կատարվել օրեր առաջ Կիպրոսի և Եգիպտոսի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման մասին հուշագրի ստորագրմանը, որը, ըստ կողմերի, կնպաստի ոչ միայն մասնակից երկրների, այլև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում՝ Կիպրոսի ափերի մոտ, Թուրքիայի՝ գազի որոնման և հորատման աշխատանքներին՝ դրանք անվանելով սադրիչ գործողություններ: Թուրքիայի գործողությունների մասին խոսել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և շեշտել, որ Արևելյան Միջերկրականում հարևանների հանդեպ Թուրքիայի մոտեցումները սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար: