Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն» անվանումը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։
Այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ:
Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում են շինարարության ընթացքում: Կատարված աշխատանքների ամրությունը և որակը ստուգվում է մանրամասն նախագծով սահմանված միջազգային ստանդարտներին համապատասխանության թեստերով:
Հիշեցնենք, որ նոր կամրջի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։
Հայ-վրացական համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։