Պետք է հարգել արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակների և ժամկետների վերաբերյալ Կառավարության որոշումը, որը հիմնված է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածի հաշվառման տվյալների վրա։ Այս մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Հիշեցնենք, որ՝
Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։
Կառավարության ս․թ․ սեպտեմբերի 2-ի որոշմամբ 2021 թ. համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով, և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին՝ սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների մտահոգությունները։ Բայց պետք է գիտակցել նաև, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ կանխել ապօրինի ձկնորսությունը և ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը»,- ասված է նախարարության գրառման մեջ: