Կորոնաթվերի աճով պայմանավորված տեսչական մարմինները մայրաքաղաքում բազմապատկել են ռեսուրսները. ստուգումների հերթն այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում էր. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգեցին՝ արդյոք պահպանվո՞ւմ են հակահամաճարակային կանոնները:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Ստուգայցերն այժմ իրականացնում ենք 20-ից ավելի՝ 25-26 խմբերով: Նախորդ տարվա համեմատ տնտեսվարողի մոտ խախտումները որոշ առումով նվազել են, տնտեսվարողներն աշխատում են պահպանել հակահամաճարակային կանոնները, և հուսանք, որ դա արդյունք կտա:
ԱԱՏՄ տեսուչները ստուգում են նաև ՊՇՌ թեստի և պատվաստումային փաստաթղթերի առկայությունը: Պոլիկլինիկայի աշխատակիցների մեծ մասը պատվաստվել են, մյուսները՝ ներկայացրել թեստավորման թերթիկ: Տեսուչներին հետաքրքրում է՝ ինչով են պայմանավորված քաղաքացիների դժգոհությունները:
Գայանե Ստեփանյան (ԱԱՏՄ բժիշկ-համաճարակաբան) - Տեսչական մարմինը պիտի հսկողություն սահմանի, ըստ իս, որը բավականին դժվար կլինի, որովհետև պատվաստումային գործընթացի և թեստավորման հետ կապված բավականին հերթեր են գոյանում, մարդիկ ուզում են ժամանակին պատվաստվել, թեստավորվել, որպեսզի պատասխանը ժամանակին հասցնեն իրենց գործատուներին:
Քաղաքացիներն ու տնտեսվարողները շատ հաճախ դժգոհում են, որ հերթերի պատճառով չեն կարողանում թեստավորման պատասխանը ժամանակին ստանալ. Պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչը, որը նաև պատվաստման բաժնի պատասխանատուն է, ասում է, որ ամեն օր մոտ 400 հոգու պատվաստում են, և բացառել հերթերը չեն կարող: ԱԱՏՄ տեսուչներն էլ հակադարձում են՝ տնտեսվարողը պետք է վերահսկի ու բացառի կուտակումները:
Անահիտ Ասկանդարյան (պոլիկլինիկայի մանկական բաժնի վարիչ) - Իրականացնում ենք երրորդ հարկում, այսինքն՝ լրիվ առանձին հարկ, առանձին միջանցք, առանձին տարածք: Բացառել կուտակումները հնարավոր չէ, որովհետև ինչն է հետաքրքիր. բոլորը գալիս են առավոտյան, որքան էլ խնդրում ենք, ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք մինչև վերջ աշխատում ենք, երբ ուզում եք՝ եկեք:
Տեսուչները պոլիկլինիկայի սենյակներով անցան, ստուգեցին ախտահանիչ միջոցները, բժիշկների, այցելուների մոտ դիմակների առկայությունը, գրանցամատյանները և արձանագրեցին՝ հիվանդասենյակների մոտ կուտակումներ կան. սոցիալական հեռավորություն չի պահպանվում: Արձանագրություն չկազմեցին, բայց նախազգուշացում տվեցին: