Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կաքավաձորի հատվածում է վաղ առավոտյան տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, որի հետևանքով կան վիրավորներ և զոհեր: Ուղևորատար «ԳԱԶելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Դեպքից ժամեր անց այստեղ դեռևս առկա են պատահարի հետքերը:
Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ 59-ամյա վարորդը, տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել տարբեր բժշական կենտրոններ:
Հակոբ Սուքիասյան - Զանգահարեցին, ասացին, որ շրջվել է: Կինս զանգահարեց, մեքենայի տակից են իրեն հանել: Մարդատար «ԳԱԶել» է, աշխատանքի էին գնում:
Վիրավորներից 10-ն այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնում են, 3-ը՝ Աշտարակի, 1-ը՝ Գյումրիի:
Աշոտ Կուրղինյան («Արմենիա» ԲԿ վիրաբուժության գծով փոխտնօրեն) - 6-ի վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել են ռեանիմացիոն բաժանմունք, իսկ 3-ի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր:
4 քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության: Կուրղինյանի խոսքով՝ նրանք անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո, հնարավոր է` դուրս գրվեն: Ինչ վերաբերում է Աշտարակի և Գյումրիի բժշկական կենտրոններ տեղափոխվածներին, ապա նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Աշոտ Կուրղինյան - Հիմնական տարիքային շեմը 20-58-ի սահմանում է, ծայրահեղ ծանրերի մեջ, ցավոք, ունենք երիտասարդներ:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները և ճանապարհային երթևեկության ու տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածներով:
Վարդան Թադևոսյան (ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար) - Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները:
Ճանապարհային դեպարտամենտից, սակայն, պնդում են՝ ավտոճանապարհի նշված հատվածը պատշաճ կահավորված է համապատասխան նշաններով:
Խորեն Գրիգորյան (Ճանապարհային դեպարտամենտի ճանապարհների ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ) - Այդ տարածքը դեռևս շարունակում է մնալ շինհրապարակ և կահավորվածությունը որպես շինհրապարակի կահավորվածություն է: Այսինքն՝ չեն բացակայում այն նշանները, որոնք արագության կանխարգելման, արագության իջեցմանը կարող էին խանգարել: Պետք է հաշվի առնենք, որ շինհրապարակում արագությունը չի կարող գերազանցել 50, 30 կմ/ժամը, ու վթարը տեղի է ունեցել բարձր արագության պատճառով:
Գրիգորյանն այսօր այլ իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ եղել է ողբերգական ավտովթարի վայրում: Դատախազությունը հանդիպումից հետո նախ նշել է, որ իրենք դեռ հոկտեմբերի 1-ին են բարձրացրել տվյալ հատվածի վտանգավորության հարցը, ապա նշել, որ հանդիպման ընթացքում խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով: Դեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքի մեկնարկն օրերի հարց է:
Խորեն Գրիգորյան - Դրան զուգահեռ՝ մենք արհեստական անհարթություններ ենք տեղադրելու ու ՃՈ-ի հետ պայմանավորվեցինք, որ, եթե հնարավոր է, արագաչափ ևս տեղադրենք:
Քննչական կոմիտեում դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան