Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեական օրենսգրքի 317.1՝ ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածը: Օմբուդսմենի համոզմամբ՝ այն լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից և ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով:
317.1 հոդվածը քերական օրենսգրքում ներմուծվեց այս ամառ՝ 7-րդ գումարման խորհրդարանի վերջին արտահերթի ժամանակ: Անձին ծանր վիրավորանք հասցնելը, նույնն է թե՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ հոդվածի, պատժվում է 100 հազարից կես միլիոն դրամ տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով:
Խնդիրներ տեսնելով օրենքում՝ տեղ գտած այս ձևակերպումների մեջ՝ Թաթոյանը պնդել է՝ թվացյալ շեմը տարբերելու հարցում Կառավարությունը պետք է հույսը չդներ պրակտիկայի վրա:
Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիկայի վրա: Պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ի՞նչ վստահությամբ է պնդում արվում, թե դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը։ Ակնհայտ է, որ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլև հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։
Ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ՝ Արման Թաթոյանը մանրամասնել է բարձր ատյան դիմելու իր հիմնավորումներն ու պնդել՝ ցանկացած միջոց պետք է անհրաժեշտ ու պիտանի լինի՝ հասնելու համար այն իրավաչափ նպատակին, որը պետությունը դրել է իր առջև: Իշխող խմբակցության պատգամավորը բացատրում է՝ օրենքի նման հոդվածի կարիքն առաջացավ, քանի որ հենց վերջին շրջանում կտրուկ աճել էր վիրավորանքի ու հայհոյանքի ծավալը: Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ կարմիր գիծը հատվել էր, ու խիստ մոտեցման պահանջը կար նաև հանրության շրջանում:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք այս հոդվածով պաշտպանում ենք լրագրողների, հրապարակախոսական գործունեություն իրականացնող մարդկանց, հանրային պաշտոնյաներին, այսինքն՝ բոլոր այն մարդկանց, ում որ կվիրավորեն իրենց գործունեությամբ պայմանավորված այս օրենքը պաշտպանում է այդ մարդկանց, և ես այս օրենքում որևէ խնդիր չի տեսնում: ՄԻՊ մեկնաբանությունները գնահատում եմ որպես այդ կառույցի կամ պարոն Թաթոյանի անձնական գնահատականներ և ընթացիկ մեջ է պրոցեսը, ՍԴ պետք է որոշում կայացնի:
Գնդակը հիմա Սահմանադրական դատարանի դաշտում է՝ ասաց Հովհաննիսյանը: ՍԴ-ից էլ «Լուրեր»-ին հայտնեցին՝ պաշտպանի դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: Այս օրենքը քննադատել էր նաև հեղինակավոր Freedom House-ը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել դրա կիրարկումը՝ այն որակելով ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում: Իշխանությունից մինչդեռ վստահ են՝ այն չի խոչընդոտում խոսքի ազատությանը, իսկ ինչ վերաբերում է Թաթոյանի այն նկատառումներին, որ ոչ օրենսդիրը, ոչ գործադիրը չեն ապահովել պրակտիկ կիրառության կոնկրետությունը, նպատակների հստակությունն ու հարցը թողել են իրավապահներին, պատգամավոր Հովհաննիսյանն արձագանքում է՝ օրենքի մակարդակում տրվել է լավագույն լուծումը, իսկ կոնկերտ ձևակերպումները կարող էին էլ ավելի մեծ խնդիրներ առաջացնել:
Արթուր Հովհաննիսյան - Այո սոցիալական հարթակում էլ իրենց ուսումնասիրությունը պետք է իրականացնեն, այո այլալեզու հայհոյանքի դեպքում ևս պետք է համապատասխան ուսումնասիրություն իրականացնեն, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, այսինքն՝ նույն օրենսդրական մակարդակում պրակտիկայի վրա թողնված այս միտքը հենց սրա մասին է, որ համապատասխան մասնագետների ներգրավմամբ ու ուսումնասիրությունների շնորհիվ ամենատարբեր իրավիճակներում տրվեն հստակ, հնարավորինս օբյեկտիվ գնահատականներ:
Պատգամավորը օրինակ է բերում նաև քրօրենսգրքի 322.2 հոդվածը, որով տուգանք, նաև կալանք է սահմանված այն մարդկանց համար, որոնք կսպառնան կամ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն օմբուդսմենի նկատմամբ: Քրօրի այս հոդվածն ընդունվել է և գործում է 2006 թվականից: Ինչ վերաբերում է ծանր վիրավորանքը քրեականացնելուն, ապա պատգամավորի խոսքով՝ եթե պրակտիկայում խնդիրներ առաջանան, օրենսդիրը հետամուտ կլինի, կշտկի դրանք: Իսկ թե հոդվածի ընդունումից հետո՝ նախորդ 2.5 ամսում, ինչ է ցույց տվել փորձը, Հովհաննիսյանը սլաքն ուղղեց դեպի իրավապահ մարմինները: Օրենքի կիրառման ու վիրավորանքի սահմանը որոշող չափանիշների մասին մեկնաբանություն տալ դատախազությունն այսօր հրաժարվեց: Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին, որ այս պահին իրենց վարույթում այս հոդվածով հարուցված 9 գործ կա: