Եվս երկու հայ բռնցքամարտիկ մեդալ են ապահովել Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:
51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել թուրք բռնցքամարտիկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը բավականին գրագետ մարտ է անցկացրել:
Նա անընդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում՝ բոլոր մրցավարները միաձայն՝ 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:
Գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, թեպետ այս դեպքում իսպանացի բռնցքամարտիկի հետ պայքարը համառ ու բարդ է ստացվել: Արդյունքում՝ Իսրայելյանը հաղթել է 4:1 հաշվով: Այս պահին Հայաստանը կիսաեզրափակչում ունի 3 մասնակից: