2021 թվականի հունվար-հունիսի տվյալով երկրում օտարերկրյա ընդամենը ներդրումները կազմել են 140 մլրդ 84 մլն դրամ: Ընդամենը կոչվողը ներառում է ուղղակի ու պորտֆելային ներդրումներ, նաև վարկեր և փոխառություններ, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք ու ստացվելիք գումարներ, ստացված ու տրված կանխավճարներ:
Ընդամենը ներդրումների ծավալը աճել է ո՛չ միայն 2020-ի, այլև 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
2020-ին, կորոնավիրուսով պայմանավորված, ընդամենը ներդրումները 27 մլրդ 458 մլն դրամ են եղել, իսկ 2019-ին՝ 110 մլրդ 986 մլն դրամ:
2021-ի հունվար-հունիսի ընդամենը ներդրումներից ուղղակի ներդրումներ են համարվում 42 մլրդ 872 մլն դրամը: Ուղղակի ներդրում է համարվում օտարերկրյա գումարային հոսքի՝ ստացումների և մարումների տարբերությունը: Ըստ տնտեսագետների՝ հենց ուղղակի ներդրումներն են բնորոշում երկրի իրական ներդրումային վիճակը:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Լավ է այնքանով, որ նախորդ տարի բացասական էր, ավելի շատ դուրս տվեցինք, քան ներս եկավ: Ներդրումային գրավչությունն, ըստ էության, այս ցուցանիշն է ցույց տալիս. որքանով է տնտեսության իրական հատվածը գրավիչ ներդրողների համար, ովքեր գալիս են էստեղ, ցանկանում են բիզնես անել ընդհանրապես:
Արմեն Քթոյանի խոսքով՝ տնտեսության թե՛ ճյուղային կառուցվածքը, թե՛ արտահանման և թե՛ ներդրումային հիմնական ուղղությունը նույնն է՝ հանքարդյունաբերությունը:
Արմեն Քթոյան - Մենք պետք է ներդրումային միջավայրը չկտրենք ընդհանուր տնտեսական վիճակից: Հիմա մեզ մնում է միակ ուղղությունը եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործման հաշվին հիմնել արտադրություններ, որոնց թողարկումը մրցունակ կլինի արտաքին շուկաներում: Սա է մեր միակ ռազմավարությունը, որ մնացել է, իսկ այստեղ ներդրումներ դրա տակ դնելը բավականին մեծ ջանքեր է պահանջում:
Ներդրումների առումով առաջատար երկրներն են՝ Գերմանիան՝ 56 մլրդ 720 մլն դրամով, Ռուսաստանը՝ 46 մլրդ 198 մլն դրամով, և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 27 մլրդ 567 մլն դրամով, որի հիմնական մասը վարկային միջոցներ են:
Ներդրումային հիմնական ուղղություններն են հանքարդյունաբերությունը, որտեղ հիմնական ներդրողը Գերմանիան է, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ ռուսական, իտալական ու միջազգային կազմակերպությունների մասնաբաժնով, ինչպես նաև ցամաքային տրանսպորտի գործունեությունը և փոխադրումը խողովակաշարերով, որտեղ միանձնյա ներդրողը Ռուսաստանն է:
Քթոյանի կարծիքով՝ նաև այլ երկրներից ներդրումների հոսքը դեպի Հայաստան մեծացնելու պոտենցիալ կա:
Արմեն Քթոյան - Աշխարհում այսօր փող շատ կա ,և գաղափարի խնդիրն է: Գաղափարի համար է մրցակցությունը, և բացի դրանից՝ այսօր երկրները՝ հատկապես մեզ նման զարգացող երկրները, տարածաշրջանի երկրներն իրենք, լուրջ պայքար են մղում այդ ներդրումների ներգրավման համար: Մենք այսօր շատ ցածր ներդրումային ակտիվություն ունենք Իրանից, բավարար չեն Հնդկաստանից, Չինաստանից ուղղությունները:
Ուղղակի ներդրումների ծավալով ևս 2021-ի առաջին կիսամյակի ցուցանիշը գերազանցում է թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի թվերը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան