Խմելու ջուրը 43 դրամով թանկացնելու «Վեոլիա ջրի» հայտն ուսումնասիրելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական տարբերակն է մշակել: Հանձնաժողովի նախագահն ասում է՝ առաջարկում են գործող 180 դրամը պահպանել սոցիալապես անապահով խմբերի համար, իսկ մյուս բաժանորդների համար սակագինը բարձրացնել ոչ թե 43, ինչպես «Վեոլիան» է ցանկանում, այլ ընդամենը 20 դրամով:
Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Շուրջ 200 դրամ է ստացվում մեր նախնական հաշվարկներով բոլոր սպառողների համար, բացառությամբ սոցիալապես անապահով խավի:
Սոցիալապես անապահով խավի դեպքում խոսքը մոտ 100 հազար բաժանորդի մասին է՝ նշեց Բաղրամյանը: Նրանց համար արտոնյալ սակագին արդեն իսկ նախատեսված է գազի ու էլեկտրաէներգիայի մակատարարման հարցում ու հիմա, ըստ առաջարկի, կլինի նաև ջրի դեպքում: Ինչ վերաբերում է մյուս բաժանորդներին, ապա ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ հիմա բանակցում են, որ առաջիկա 10 տարվա համար գնային քաղաքականությունը կայուն լինի, սակագինը պահպանվի ու պետությունն էլ այն նվազեցնելու համար ստիպված չլինի ընկերության վարձակալության վճարները նվազեցնել կամ բյուջեից սուբսիդիա տրամադրել:
Գարեգին Բաղրամյան - Դա նշանակում է նաև, որ վարձակալության պայմանագրով նախատեսված հաջորդ և մյուս տարվա բարձրացումները չեն լինի, բայց նաև վերջին երեք-չորս տարվա նվազեցումները ևս չեն լինի, ու կունենանք 10 տարվա համար մոտ 200 դրամանոց սակագին:
Կառավարության հետ «Վեոլիայի» վարձակալության պայմանագիրը 15 տարով է կքնված՝ 2016-ին է ստորագրվել, ու արդեն 5 տարի այս ընկերությունը ոլորտի միակ խաղացողն է: Մենաշնորհային դիրք ունեցող «Վեոլիայի» աշխատանքում, սակայն, ջրի կորուստը դեռ 80 տոկոս է կազմում, քիչ չեն նաև բնակիչների բողոքները հատկապես շոգ եղանակին: Այս դիտարկումներին Բաղրամյանն արձագանքում է՝ սակագնի վերանայումը կապ չունի ընկերության լավ կամ վատ աշխատելու հետ: Դրանք առանձին են կարգավորվում, ու առանձին մեխանիզմներով էլ կատարած խախտումների համար մոնոպոլիստը պատասխանատվության է ենթարկվում:
Հայտը վերջնական քննարկման կդրվի նոյեմբերի վերջին: Այդ ժամանակ էլ հանձնաժողովը որոշում կկայացնի, ու եթե ջուրը թանկանա, ապա նոր սակագինը կգործի 2022-ի հունվարի 1-ից:
Ինչ վերաբերում է գազին, ապա այս հարցում Բաղրամյանը զերծ մնաց մեկնաբանություններից, հիշեցրեց՝ քննարկումները միջպետական մակարդակում են, ու դեռ չկա ստորագրված նոր միջկառավարական համաձայնագիր:
Գարեգին Բաղրամյան - Գազի գինը վերջին անգամ փոխվել է հուլիսին, ու կախված է նրանից, թե սահմանին գազի ինչ գին կձևավորվի: Եթե բանակցությունների արդյունքում ունենանք նույն գինը, կարծում եմ՝ գազի սակագնի փոփոխություն առնվազն չենք ունենա:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էներգակիրների սակագների վերանայումը փոխկապակցված է, բայց այս պահին հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ չի ստացել նաև Էլեկտրական ցանցերից: Ու թեև վերազինման նպատակով ատոմակայանն այս անգամ նախատեսվածից ավելի երկար կանգնեց, բայց, Բաղրամյանի խոսքով՝ ամռան ամիսների ունեցած դրական էֆեկտը փոխհատուցել է համակարգում առաջացած վնասները: