Կորոնավիրուսի թվերն Արցախում աճում են: Այսօր կատարված 142 թեստից 31-ը դրական է եղել: Վարակակիրներից երկուսը երեխա են:
Օֆելյա Հարությունյան (Արցախի ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ) - Այս համավարակը կանխարգելելու միակ միջոցը պատվաստումն է: Պետք է բնակչության 70 տոկոսը պատվաստված լինի, որ ձևավորվի հանրային իմունիտետ, և կարողանանք ասել՝ վարակի դեմ պայքարը հաջողված է:
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում այժմ ստացիոնար բուժում է ստանում 90 վարակակիր: Բժիշկների գնահատմամբ՝ 42-ը ծանր, 12 ծայրահեղ ծանր վիճակում է: Թեթև ձևերը բուժվում են ամբուլատոր պայմաններում:
Սուսաննա Անտոնյան (Ստեփանակերտի ՀԲԿ տեղամասային բուժօգնության բաժանմունքի վարիչ) - Հիվանդներին միացված է արհեստական շնչառության սարք կամ ուղղակի թթվածին, քանի որ սարքերն արդեն չեն հերիքում: Պացիենտները տարբեր տարիքի են՝ բարդության տարբեր մակարդակներով: 90 տոկոսի թոքերն ախտահարված է:
Համավարակի նոր բռնկումներից խուսափելու համար Արցախի կառավարությունը որոշել է կրկին խստացել հակահամաճարակային կանոնները: Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ըստ անհրաժեշտության՝ բուհերում կարող են ուսուցումը կազմակերպել հեռավար, զանգվածային միջոցառումների մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 120-ը:
Արտակ Բեգլարյան (Արցախի պետական նախարար) - Մենք դեռևս որևէ հակվածություն չունենք կիրառել պարտադրանքի միջոցներ: Բայց ըստ իրավիճակի՝ մենք պարտավորված ենք լինելու նաև կոշտ միջոցներ կիրառել: Դա կախված է իրավիճակից, կախված է միտումներից: Որպեսզի կոշտ միջոցներ չկիրառենք, մարդիկ իրենք պետք է հասկանան, որ ամենաարդյունավետ տարբերակը իրենց կյանքը և իրենց հարազատների, երբեմն նաև անծանոթների կյանքը փրկելու ուղղակի պատվաստումն է:
Համաճարակաբան Զոյա Մաղաքելյանն ահազանգում է՝ հանրությունը դեռ լուրջ չի մոտենում խնդրին:
Զոյա Մաղաքելյան (Ստեփանակերտի ՀԲԿ բժիշկ, համաճարակաբան ) - Դիմակներ գրեթե չեն կրում: Հակահամաճարակային կանոնների պահպանումը ևս բարձր մակարդակի չէ:
Ստեղծված իրավիճակում դպրոցներում ավելի շուտ են սկսվել արձակուրդները և կտևեն մինչև նոյեմբերի մեկը: Կրթական հաստատություններում ու հիմնարկներում պարտադիր է դարձել մուտքի մոտ ջերմաչափումը, բաժանվել են ախտահանիչ միջոցներ:
Արմինե Ասրյան (Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի համաճարակաբան) - Եթե նույնիսկ փակ տարածքում մենք ունենք վարակված անձ՝ լինի դա փոքր կամ մեծ, բայց սովորություն ունենանք պատուհանները անընդհատ բացել և օդափոխել, մենք վիրուսի կոնցենտրացիան օդի մեջ ահագին կպակասեցնենք:
Հակահամաճարակային կանոնների պահպանմանը զուգահեռ աշխատում են նաև պատվաստման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ: Առ այսօր Արցախում պատվաստվել է 849 քաղաքացի: