Հայաստանի կինոմիությունը տագնապ է հնչեցնում: Վարդանանց 18 հասցեում գտնվող Կինոյի տունը, այդ թվում նաև շենքի միջնամասում գտնվող կանաչապատ ներքին բակը դեռ խորհրդային տարիներից օգտագործման իրավունքով պատկանել է կինոմությանը: 2013-ին Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել այդ հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա 572.8 քմ մակերեսով ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին: Կինոմիության նախագահը, փաստաբանն ու վարչության անդամները պնդում են՝ բակում երևէ կառույց չի եղել, միայն ծառածածկ այգի:
Սակայն Երևանի փոխքաղաքապետի՝ արդեն 2021-ի հունվարի 25-ի որոշմամբ հողտարածքի նոր սեփականատիրոջը՝ Վահագն Ատոմյանին, ռեստորան կառուցելու թուլյտվություն է տրվել, որով պետք է կառուցապատվի նաև նշված բակային տարածքը: Կինոմիության տևական պայքարից, դատական 2 հայցադիմումից, հանցագործության մասին հաղորդումից հետո էլ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ դատարանները չեն կասեցրել կառուցապատման թույլտվությունը: Մինչդեռ անգամ կադաստրը բազմիցս հաստատել է, որ վիճահարույց բակը միշտ ազատ և կանաչապատ տարածք է եղել:
Մինչև դատարանը որոշում կկայացնի, շինարարությունն արդեն սկսվել է. սեփականատերը նախատեսում է բակում մեծադիր էկրաններ տեղադրել և գարեջրատուն ստեղծել, որտեղ կհետևեն ֆուտբոլային խաղերին: Եվ դա մի միջավայրում, որը երևանյան կինոմշակույթի անբաժան մասն է և որի հարևանությամբ գործում են Մալյան թատրոնն ու Կինոմիությունը: Կինոգործիչները վճռական են տրամադրված. ասում են՝ այս խայտառակ ապօրինությունը չեն հանդուրժելու:
Այս կառուցապատումը խաթարելու է ոչ միայն Կինոյի տան մշակութային միջավայրը, այլև կինոմիության՝ Կինոյի տան գլխավոր մուտքի վերաբացման, հարակից հրապարակում աստղային պուրակի ստեղծման և կինոթանգարանի՝ Սինեմատեքի բացման ծրագիրը, որով ամբողջանալու էր Կինոյի տան ճարտապետական ու գեղագիտական նոր դիմագիծը: