Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը:
Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ձևաչափերի: Այս ցուցադրությունը ոչ միայն ներկայացնում է քոչարական նկարազարդումները, այլև նորարարական լուծումների, ինքնատիպ գաղափարների կիրառմամբ նորովի է մեկնաբանում էպոսի առասպելական միջավայրը, որոնցից ներշնչվելով՝ Քոչարը ստեղծել է իր գրաֆիկական աշխատանքները:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Հիշեցնենք, որ հավելվածը կիրառելի է 2017 թվականից, հասանելի է հայերենով և անգլերենով:
Նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց նպաստել հայկական էպոսի նորովի տարածմանն ու հանրահռչակմանը, դրա մասին գիտելիքների պահպանմանն ու տարածմանը: Նորացված հավելվածում ավելացվել է ինտելեկտուալ ևս մեկ խաղ («Բառախաղ»), ստեղծվել են «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները: Հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը` գրելով հայերեն կամ անգլերեն՝ Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):