Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին, ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 9 տեղամասերի քվեարկության արդյունքները. 7-ը՝ Տաթև համայնքում, և մեկական՝ Գորիս և Տեղ համայնքներում։
Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են եղել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները, յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ:
Վերահաշվարկի արդյունքում Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի «կողմ» ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկները ավելացել են 1-ով։
Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը շտկվել, է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։
Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրականացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության «կողմ» ձայները չեն փոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության «կողմ» ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։