ԻՐԱՆԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Իրանի Ներքին գործերի նախարարն արձագանքել է նարկոթրաֆիքի վերաբերյալ Ալիևի մեղադրանքներին: Ահմադ Վահիդին, անդրադառնալով Իրանի հասցեին Ալիևի հայտարությանը, հայտարարել է. «Աշխարհում ոչ ոք այդ խոսքերը չի հաստատի, քանի որ կան պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ աշխարհում թմրանյութերի հայտնաբերման 90 տոկոսն Իրանն է իրականացնում։ Դրանք լավ հայտարարություններ չեն և չեն համապատասխանում բարիդրացիությանը։ Դա ճգնաժամ է առաջացնում։ Եվ մենք մտահոգ ենք, որ այլ ուժեր ցանկանում են խափանել հարևանների հարաբերությունները»,- ասել է նախարարը:
ԱՄՆ-Ը ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ
ԱՄՆ-ը Անկարայում նոր դեսպան է նշանակել: Կոնգրեսն այդ պաշտոնում հաստատել է Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը, որին առաջադրել էր նախագահ Ջո Բայդենը: Շուտով նա կանցնի պարտականությունների կատարմանը: Կոնգրեսում լսումների ժամանակ Ֆլեյքն արձանագրել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա են մի շարք խնդիրներ: Նա հատկապես առանձնացրել է Ռուսաստանից Էս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի քայլը՝ ընգդծելով, որ դա հակասում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների պարտավորություններին և Անկարան արդարացիորեն է դուրս մղվել ԷՖ35 կործանիչների ծրագրից: Նորանշանակ դեսպանն նշել է նաև, որ եթե Թուրքիան շարունակի զենք գնել Ռուսաստանից, նոր պատժամիջոցների կարժանանա: «Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում, Էրդողանի վարչակազմի մարտավարությունը սեփական ժողովրդի դեմ, պետք է դեսպան, որը չի ամաչի ասել դրա մասին Թուրքիային: Ժողովրդավար երկրիները լրագրողներին բանտ չեն նստեցնում, չեն վախեցնում գիտնականներին, դա հարիր չէ ՆԱՏՕ-ի դաշնակցին,- ասել է դեսպանը: Ֆլեյքը լսումների ժամանակ անդրադարձել էր նաև Ցեղասպանությանը հարցին: Պատասխանելով Բոբ Մենենդեսի հարցին՝ արդյոք պատրաստ է «միանալ այս մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատելու գործում», Ջեֆ Ֆլեյքը հաստատակամ «այո» է պատասխանել:
ԷՐԴՈՂԱՆԸ ԼՈՂՈՒՄ Է ԱԼԻՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ. BLOOMBERG
Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդվածում ներկայացված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Ըստ դրա Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ Հոդվածագիրը նշում է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և լողում է ալիքին հակառակ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են գնաճի դեմ ու գնում տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով։ Թուրքիայի Կենտրոնական բանկում կատարվող կադրային վերադասավորումների համատեքստում նշվել է, որ Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի պաշտոնը ևս վտանգված է, քանի որ նրա գործողությունները չեն գոհացնում Էրդողանին։ Թուրքիայի Կենտրոնական բանկը գնաճի պայմաններում որոշել էր իջեցնել բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները:
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ ԵՆ ՊԱՅԹԵՑՐԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Հոկտեմբերի 20-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթեցրել են զինվորականներ փոխադրող ավտոբուսը, կա 13 զոհ: Ականները տեղադրված են եղել նախագահական կամրջի մոտ: Պայթուցիկ սարքերը տեղադրել է ահաբեկիչը: Կա երեք տուժած: Պատահարի վայր ժամանած սակրավորները վնասազերել են մերձակայքում տեղադրված ևս մեկ ական: