Բաքվի բանտում ամիսներ անցկացնելուց հետո Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի: Միջազգային պարտավորությունների և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումն Ադրբեջանում շտապեցին ներկայացնել իբրև «բարի կամքի» դրսևորում: Իրականում՝ գերիների վերադարձի հետ կապված բազմաթիվ և բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ «Լուրերի» հետ զրույցում հայտարարում է Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Գերիների մի մասն Ադրբեջանում կեղծ քրեական գործերով դատապարտվել է՝ նկատում է պատգամավորը: Եվ այն, որ Բաքուն նրանց վերադարձրել է, պատահական չէ:
Նազելի Բաղդասարյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար - Թեև դուք գիտեք, որ վերադարձած մեր տղաներն Ադրբեջանում որոշակի կեղծ թեզերով և կեղծ քրեական գործերով էին անցնում, բայց սա նաև միջազգային որոշակի ազդակների արդյունք է, որի հետևանքով մենք ֆիքսեցին, որ նրանք գերիներ են և իրավական որևէ կարգավիճակ չունեն: Այս ամենը ֆիքսվել է միջազգային փաստաթղթերում:
Գերիների վերադարձն ուրախության հետ մեկտեղ հանրության որոշ շրջանակներում ասեկոսեներ է առաջացրել, թե Սյունիքում դիրքային փոփոխություն է եղել: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկությունն ավելի վաղ հերքել էր՝ հայտարարելով, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Նազելի Բաղդասարյանը հետևյալ կերպ է մեկնաբանում այդ խոսակցությունները:
Նազելի Բաղդասարյան - Սրանք ասեկոսեներ են, քանի որ կապված ինչ-որ դիրքային փոփոխությունների հետ ԱԱԾ-ն տվել է սպառիչ պատասխան: Ես իրավասու չեմ այլ բան մեկանաբանելու: Եվ մեկ գործընթացը կապել մյուսի հետ, դա կարծում եմ՝ աբսուրդ է: Ցավում եմ, որ յուրաքանչյուր անգամ տղաների վերադարձը փորձում են կապել արհեստական գործընթացի հետ՝ փոխարենն արձանագրելու, որ մենք ևս մեկ դրական բան ունենք:
Գերիներին առանց նախապայմանների վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարել են գրեթե բոլոր միջազգային կառույցները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Իրավական գործընթաց է մեկնարկել Հաագայի դատարանում: Երբ դատարանը հրապարակի վճիռը, Ադրբեջանն ստիպված է լինելու այն կատարել: Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի պահանջով այսպես կոչված «ռազմական ավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկենները և սաղավարտները: Գերիների վերադարձը նույնպես անուղղակիորեն կապված է այդ գործընթացի հետ՝ նշում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
Նարեկ Մինասյան, քաղաքագետ - Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ ստիպված է որոշակի զիջումների գնալ և բաց թողնել կամ հայրենադարձել հայ գերիների փոքր խմբերի, սակայն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանը չի հրաժարվում հայ գերիներին որպես քաղաքական ազդեցության լծակ օգտագործելու իր քաղաքականությունից:
Չնայած հերթական խմբի վերադարձին՝ Ադրբեջանում շարունակում են մնալ տասնյակ հայ ռազմագերիներ: Նրանց նկատմամբ Բաքուն շինծու գործերով քրեական հետապնդում է իրականացնում: