«Տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին. թեստերի քանակը բավականին մեծ է, բայց դրանց դրական արդյունքի տոկոսը ևս մեծ է»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: Նա նշեց, որ նորման մինչև 3-5 տոկոսն է, բայց մեզ մոտ այն 5-ից բարձր է. հասել ենք 16 տոկոսի:
«Դա նշանակում է՝ գտնվում ենք վարակի բավական բուռն փոխանցման փուլում, ինչը շատ մտահոգիչ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հիվանդանոցներում դեֆոլտային վիճակ է:
«Մահերի ավելի մեծ թիվ ավելի շատ է գրանցվել, քան պատերազմի ժամանակ: Այսօր հիվանդանոցներում պատերազմի վիրավորների խնդիր չկա, սակայն դեֆոլտի վիճակում ենք, և, ինչպես նախարարը նշեց, մի քանի հարյուր մարդ սպասում է իր հերթին: Եթե հոսպիտալացմանը սպասող մարդ կա, ուրեմն արդեն ունենք դեֆոլտային վիճակ: Սա կարող է բերել տնային մահերի քանակի ավելացման և, հաշվի առնելով այն, որ «դելտա» շտամը շատ ագրեսիվ է, ստացվում է, որ մահաբերությունն ավելանալու է»,- ասաց Բադալյանը:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ նշեց, որ մենք հաճախ ենք մոռանում համաճարակաբանական կանոնների մասին:
«Ես խնդրում եմ այն մարդկանց, որոնք գնում են պատվաստման, բուժհաստատության ներսում չմոռանան հակահամաճարակային կանոնների մասին, քանի որ պատվաստման գործընթացն այսօր շատ ինտենսիվ է, հերթեր են գոյանում բուժհիմնարկներում, և ցանկալի է, որ այնտեղ պահպանվեն հակահամաճարակային կանոնները. պատվաստվողները չվարակվեն, և պատվաստման գործընթացը լրացուցիչ ռիսկային գործոն չդառնա»,- ասաց նա:
Անդրադառնալով հղիների դեպքում վարակի առաջացրած խնդիրներին՝ բանախոսը նշեց հետևյալը. «Մենք մահերի առումով տարածաշրջանում առաջատարներից ենք, դա ևս մեկ անգամ վկայում է «դելտա» շտամի ավելի ագրեսիվ ընթացքի և մահաբերության մասին: Եթե մինչև մայիս ամիսը հղիությունը չէր դասվում առավել ռիսկային վիճակների թվին, ապա «դելտա» շտամի առավել ինտենսիվ տարածման և դոմինանտ դառնալու հետ կապված հղիությունը նույնպես դարձավ ռիսկային: Այսօր, ցավոք, մենք ունենք հոսպիտալացված հղիների բավական մեծ թիվ: Հղիության ժամանակ կորոնավիրոսով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման վտանգով և ներարգանդային թոքաբորբով՝ երեխայի մոտ վարակի զարգացումով, որը մինչ այդ նախորդ շտամների ժամանակ այդքան հաճախ չէր լինում»:
Մերի Տեր-Ստեփանյանն էլ ուշադրություն հրավիրեց Long Covid-ի վրա՝ երբ հիվանդությունից հետո 3 ամիս հիվանդների մոտ պահպանվում են ախտանիշները, և որոշ դեպքերում ի հայտ են գալիս նորերը՝ հևոցը, մկանացավերը, հոդացավերը, կոորդինացիայի խանգարումները, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումները:
«Ցավոք, չենք կարող խոսել հեռակա ազդեցության մասին, բայց այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա, արդեն ապացուցել են բազմաթիվ հետազոտություններ: Միզասեռական համակարգի կողմից խնդիրներ կան, երիկամների ֆիլտրացիոն ֆունկցիայի նվազում է նկատվել: Սա միայն շնչուղիների վարակ չէ, ազդում է ամբողջ օրգանիզմի և օրգան-համակարգերի վրա, և փոփոխությունները պահպանվում են ամիսների ընթացքում»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե որ պատվաստանյութն է առավել անվտանգ, բանախոսը նշեց, որ բոլոր պատվաստանյութերն անցել են կլինիկական հետազոտոությունների երեք փուլերը, կիրառելի են բնակչության համար, բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են, հետպատվաստումային շրջանի ընթացքը օրգանիզմի պատասխանն է:
«Մենք պատվաստանյութերի առումով ունենք լայն շրջանակ, ուղղակի անհրաժեշտ է պատվաստվել՝ անկախ պատվաստանյութի տեսակից»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը: