Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ, որտեղ մասնակցել է առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցությունը:
Ոլորտի պատասխանատուները քննարկել են COVID-19 համավարակով պայմանավորված պատվաստումային գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները:
Արտակ Ջումայանն ընդգծել է, որ համավարակի կանխարգելման, ինչպես նաև տարածման տեմպը կոտրելու գլխավոր ճանապարհը պատվաստումներն են, և հորդորել է մարզերի բնակիչների հետ անհատական զրույցներ վարել, իրազեկման ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել, որպեսզի վերջիններս սոցիալական բարձր պատասխանատվություն դրսևորեն:
Փոխնախարարն ընդգծել է նաև բուժաշխատողների դերը պատվաստումների վերաբերյալ միֆերի և հակաքարոզչության դեմ պայքարի հարցում:
Արտակ Ջումայանի այցը Կոտայքի մարզ շարունակվել է Աբովյանի և Հրազդանի բժշկական կենտրոններում, շրջել բուժհաստատությունների տարածքում, ծանոթացել COVID-19-ի պայմաններում աշխատանքների ընթացքին և պատվաստումային գործընթացի կազմակերպմանը: