ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փաստաթուղթը կնքվել է 1970 թվականին, որին ներկա դրությամբ միացել է 50 երկիր, այդ թվում են նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները:
Համաձայնագրի նպատակն է ապահովել միջազգային փոխադրումների ընթացքում արագ փչացող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի որակը, բարելավել միջպետական համագործակցությունը արագ փչացող սննդամթերքի փոխադրումների գործընթացում, ինչպես նաև զարգացնել միջազգային առևտուրը: Սահմանվում են շուտ փչացող բեռների միջազգային փոխադրումների հիմնական պահանջները և փոխադրման պայմանները, ինչպես նաև դրանց փոխադրման համար նախատեսված սարքավորումներին ներկայացվող պահանջները:
Ակնկալվում է, որ համաձայնագրին միանալը կդյուրացնի արագ փչացող բեռների փոխադրման գործընթացը, իսկ հայկական բեռնափոխադրող կազմակերպությունները Հայաստանի տարածքում հնարավորություն կստանան իրականացնել արագ փչացող բեռներ փոխադրող սարքավորումների համապատասխանության ստուգման գործընթացը և ստանալ համապատասխան նմուշի հավաստագիր:
Փաստաթղթին միանալը կնպաստի հանրապետությունում սննդամթերքի արտադրության ոլորտի զարգացմանը և արտահանումների ծավալների մեծացմանը:
Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Քննարկումը նախատեսվում է իրականացնել խորհրդարանի՝ նոյեմբերի 16-ին գումարվելիք հերթական նիստերի ընթացքում: