Քովիդ 19-ի դրական թեստերի թիվը երբեմն հասնում է 16 տոկոսի. սա նշանակում է վարակի փոխանցման բարձր մակարդակ՝ պնդում են մասնագետներն ու ընդգծում՝ նախորդ ալիքների համեմատ «դելտա» շտամը ավելի ռիսկային է հղիների համար:
Մերի Տեր-Ստեփանյան (ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ) - Այսօր հոսպիտալացված հղիների մեծ թիվ ունենք, հղիության ժամանակ Քովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով, և, այո, նաև ներարգանդային թոքաբորբ է լինում, այսինքն՝ երեխայի մոտ հիվանդության զարգացում է լինում, որը նախորդ շտամի դեպքում այդքան շատ չէր լինում: Սա ևս մեկ շարժառիթ է, որ մեր հղիները ևս մեկ անգամ մտածեն պատվաստման մասին:
Մասնագետները փաստում են՝ հիմա վարակի թիրախային խմբում են ոչ միայն 60+ մարդիկ, այլև երիտասարդները: Հաճախ սկսել են հանդիպել նաև երկարաժակետ դեպքեր, երբ պացիենտը ամիսներ շարունակ ունենում է հոդացավեր, հիշողության անկում, հևոց, նյարդաբանական տարբեր խանգարումներ:
Արման Բադալյան (ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս) - Էս վիրուսը նաև խթանում է, այսպես ասած, կամ միգուցե կար, պացիենտը մինչև այդ չգիտեր, մի խոսքով գրանցում է առաջնակի նոր հիվանդության գրանցում՝ 50 տոկոսից բարձր դեպքերում:
Բժիշկները կրկնում են՝ միակ ելքը պատվաստումն է: Բայց պատվաստված լինելը չի նշանակում ապահովված լինել վարակվելուց, այն պարզապես նվազեցնում է վարակվելու հավանականությունը և գրեթե բացառում ծանր դեպքերն ու մահերը: Օրինակ են բերում միջազգային փորձը, զարգացած շատ երկրներում պատվաստվածների թիվը մեծ է, հիվանդանոցները գրեթե դատարկ են, մահվան դեպքերն էլ՝ եզակի:
Մերի Տեր-Ստեփանյան - Այն մահերը, որոնք մենք գրանցել ենք մայիս ամսից հետո, կարելի էր կանխել պատվաստման միջոցով, և գոնե հինգերորդ ալիքին մենք ունենք այն պատկերը, ինչը գրանցել են զարգացած երկրները:
Ինչպես ընտրել ճիշտ պատվաստանյութ. հանրությանը հուզող հարցերից մեկն է: Բոլոր պատվաստանյութերն անցել են կլինիկական հետազոտությունների 3 փուլ՝ վստահեցնում են մասնագետները, բոլորն էլ կիրառելի են, և այս հարցում պետք չէ ապավինել ծանոթ-բարեկամի փորձով առաջնորդվելու սկզբունքին:
Մերի Տեր-Ստեփանյան - Որ տեսնում են, որ հետպատվաստումային ընթացքը ինակտիվացված վակցինայի դեպքում ընթանում է ավելի հարթ, գուցե ջերմային ռեակցիաներն ավելի քիչ են, փորձում են դիմել այդ տարբերակին: Կրկնում եմ՝ բոլոր պատվաստանյութերն արդյունավետ են, և հետպատվաստումային ընթացքը օրգանիզմի ռեակցիան է:
Բժիշկներն անդրադարձան նաև մտացածին հակացուցումներին՝ օրինակ բերելով տրոմբային հիվանդությունը:
Արման Բադալյան - Եթե նույն անոթային վիրաբույժը կոնսուլտացիայից տեսնում է, որ չի գտնվում սուր փուլում, թեկուզ կա ինչ-որ անոթային սուր խնդիր, հանգիստ կարող են պատվաստվել յուրաքանչյուր պատվաստանյութով:
Այս պահին հստակեցումներ չկան նաև, թե պատվաստված քաղաքացիները կունենա՞ն արդյոք երրորդ դեղաչափն ընդունելու կարիք, թե ոչ, բայց որոշակի հետազոտություններ արդեն արվում են: Մասնագետները հորդորում են յոււրաքանչյուր նոր ցուցումի հանգիստ վերաբերվել, քանի որ վիրուսը նոր է, հետազոտությունները շատ: Վստահեցնում են՝ որքան շատ են անհարկի շահարկումները, այնքան մեծ է բացասական հետևանքը: