ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:
Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ:
Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ ինչպես Արման Թաթոյանը, այնպես էլ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:
Սիրանուշ Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Արման Թաթոյանն ու Սիրանուշ Սահակյանը նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։
Պատվիրակության կազմում են եղել նաև ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպաններ, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարՎերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։