ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել Հայաստանի և Իտալիայի` հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը խորհրդարանական այդ կարևոր հարթակում:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատրաստակամություն է հայտնել տիկին Գրանդեին պարբերաբար տրամադրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը և Թվինինգ ծրագրի հայկական կողմի ղեկավար, փորձագետ Մարի Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն Իտալիայի խորհրդարանում են «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից: