ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալի Բադարա Կամարայի հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան):
Շնորհավորելով Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան Ալի Բադարա Կամարային նշանակման կապակցությամբ՝ Արմեն Ղևոնդյանը հաջողություն է մաղթել նրան իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Սիերա Լեոնեի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշել է, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։ Երկուստեք կարևորվել է համատեղ քայլերի ձեռնարկումը՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու նպատակով։
Հանդիպման ընթացքում Արմեն Ղևոնդյանը դեսպանին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։