Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Աֆղանստանի վերաբերյալ Մոսկովյան ձևաչափի հանդիպումը: Բազմակողմ խորհրդակցություններին Ռուսաստանից ու Աֆղանստանից բացի մասնակցում են Իրանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի ու Պակիստանի ներկայացուցիչները: «Թալիբանի» բարձրաստիճան պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Աբդուլ Սալամ Հանաֆին: Աֆղանստանի նոր կառավարությունը մտադիր է տնտեսական ու քաղաքական աջակցություն խնդրել երկրի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մինչև նիստը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առանձին հանդիպում է ունեցել «Թալիբան» արմատական շարժման պատվիրակության հետ:
Արտգործնախարարի խոսքով՝ հանդիպման ընթացքում թալիբների հետ քննարկել են Աֆղանստանում նոր կառավարություն ձևավորելու հարցը: Նա միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան արդեն գնահատել է շարժման ձեռնարկած միջոցառումները՝ ուղղված երկրում իրավիճակի կայունացմանը:
«Աֆղանստանում իշխանափոխությունը պետք է դիտարկել որպես իրականացված իրողություն»,- ասել է Լավրովը և հավելել, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ նա նաև կոչ է արել նոր իշխանություններին՝ կատարել Աֆղանստանի տարածքը երրորդ պետությունների դեմ չօգտագործելու խոստումները:
«Մոսկովյան ձևաչափի» նիստում Աֆղանստանի փոխվարչապետ Հանաֆին վստահեցրել է, որ իրենց կառավարությունն արդեն կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի «Թալիբան» շարժման իշխանությունն Աֆղանստանում: Հանաֆին նշել է, որ թալիբները վերահսկում են Կենտրոնական Ասիայի այդ հանրապետության ողջ տարածքը և ստեղծել են ներառական կառավարություն: