Թուրքիայում բուռն քննարկման թեմա է դարձել նախագահի աշխատավարձը 14,4 տոկոսով բարձրացնելու մասին Էրդողանի առաջարկը: Այն ներառված է խորհրդարան ներկայացված՝ 2022 թվականի բյուջեի նոր նախագծում: Եթե օրինագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է մոտ 11 հազար ԱՄՆ դոլարին, գրում է Ermenihaber-ը։
Ընդդիմությունը սոցիալական ցանցերում քննադատում է առաջարկը։ «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով տարիների ընթացքում Թուրքիայի նախագահի աշխատավարձի աճը, նշել է, որ այն 4.5 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը։
«Այս մեկ մարդը պետծառայողների, բանվորների, թոշակառուների նկատմամբ ժլատ է, իսկ իր նկատմամբ՝ առատաձեռն։ Պալատին շքեղություն, իսկ քաղաքացուն թշվառություն է բաժին հասնում»,-նշել է ընդդիմադիր գործիչը։
Առաջարկին արձագանքել է նաև 2018 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ «Հայրենիք» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն: Նա սոցկայքում տեղադրել է «100 750 լիրա․․․ Միապետ, որը բարձրացնում է իր աշխատավարձը» գրությամբ մի նկար և գրել է․ «Քե՛զ համար է կյանքը գեղեցիկ։ Ինքդ եփի՛ր, ինքդ կե՛ր»։