Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խստորեն դատապարտել է Լեհաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ ազգային իրավունքի նկատմամբ Եվրոպական իրավունքի գերակայության ոչ իրավաչափ լինելու մասին՝ փոխանցում է ТАСС-ը։
Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում ելույթի ընթացքում Լեյենն առանձնացրել է Վարշավայի վրա ճնշում գործադրելու տարբերակներ:
«Առաջին հերթին մենք կարող ենք դատական կարգով վիճարկել Լեհաստանի ՍԴ-ի վճիռը։ Մեկ այլ տարբերակ է ֆինանսական գործիքների կիրառումը: Երրորդ տարբերակը ԵՄ մասին պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառումն է։ Դա հզոր գործիք է, և մենք պետք է վերադառնանք դրան»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Լիսաբոնի պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է ԵՄ երկրի դեմ ներքին պատժամիջոցների սահմանում, ինչպես, օրինակ՝ ԵՄ Խորհրդում ձայնի իրավունքի կասեցում։
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ Լեհաստանի ՍԴ-ն, հոդված 7-ի համաձայն, չի համարվում անկախ կամ լեգիտիմ:
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին վերահաստատել էր, որ Լեհաստանը չի հրաժարվում եվրոպական իրավունքի պահպանումից, բայց երկրում բարձրագույն օրենքը մնում է Սահմանադրությունը: